Ներկայումս Ղազախստանի տնտեսությունը կանգնած է հնարավորությունների և մարտահրավերների խաչմերուկում։ Երկիր, որը տարիներ շարունակ համարվել է համաշխարհային տնտեսության համար հումքի մատակարար, ներկայումս հաստատուն քայլերով գնում է դեպի ավելի բարդ և դիվերսիֆիկացված, տեխնոլոգիապես զարգացած տնտեսական մոդելի ստեղծման։ Աճող գեոպոլիտիկ լարվածության և լոգիստիկ ուղիների շարունակական փոփոխման պայմաններում՝ Ղազախստանը ոչ միայն պահպանում է կայունություն, այլև ամրապնդում է իր դերը միջազգային շուկաներում, միևնույն ժամանակ բարելավելով իր ներդրումային գրավչությունն ու տարածաշրջանային առաջնորդությունը։
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Ղազախստանի տնտեսության մեջ շարունակում են որոշիչ դեր խաղալ հանքահումքային պաշարները։ Նավթը, բանական գազը, ուրանը, պղինձը և այլ մետաղները կազմում են երկրի արտահանման զգալի մասը։ Միայն 27 «Հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր» ապրանքախմբի արտահանումը ավանդաբար կազմում է ընդհանուր արտահանման շուրջ 60%–ը, իսկ ուրանի արտահանմամբ երկիրը մտնում է միջազգային շուկայի արտահանողների առաջին քսանյակի մեջ։ Այնուամենայնիվ, հնարավոր չէ չնշել երկրի ջանքերը տնտեսական ուղղված արտաքին տնտեսական վեկտորների դիվերսիֆիկացիային։
Նկար 1. Ղազախստանի արտահանման կառուցվածքն ըստ հիմնական ապրանքախմբերի (TOP15), մլն ԱՄՆ դոլար, 2019-2023թթ․
Աղբյուր՝ UN Comtrade
Շնորհիվ իր ռազմավարական դիրքի Չինաստանի, Ռուսաստանի, Կասպից ծովի և Եվրոպայի միջև՝ երկիրը վերջին տարիներին միջազգային առևտրի համար դարձել է կարևոր լոգիստիկ հաբ։ Ղազախստանը նաև ակտիվ մասնակից է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում, որի շրջանակներում արդեն իսկ արդիականացվել են երկրի երկաթգծերը, ինչպես նաև ավելացվել են Ակտաույի և Կուռիկի նավահանգիստների հզորությունները։ Հատկապես հատկանշական է միջանկյալ միջանցքով (Middle Corridor, TITR) բեռնափոխադրումների աճը՝ Կասպից ծով, Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա հետագծով, շրջանցելով ՌԴ տարածքը։ Այս լոգիստիկ ուղու պահանջարկը հատկապես աճել է 2022-2024թթ․–ին։
Ինչպես նկատում ենք, 2022-2023թթ․–ին Ղազախստանի արտահանման մեջ առավել մեծ տեղ են զբաղեցնում Իտալիայի, Չինաստանի և ՌԴ շուկաները (ընդհանուր արտահանման 50%–ը 2023թ․ դրությամբ, ընդդեմ շուրջ 40%–ի 2015-2021թթ․–ին)։ Ընդհանուր արտահանման մեջ 4-5% են զբաղեցնում նաև Նիդեռլանդները, Թուրքիան, Կորեան, ՈՒզբեկստանը, Ֆրանսիան և Ռումինիան։ Ինչպես տեսնում ենք երկրի արտաքին տնտեսական հարաբերությունները աշխարհագրական տեսանկյունից բավականին դիվերսիֆիկացված են՝ ներառելով ինչպես Եվրոպական, այնպես էլ ասիական երկրները և ԱՄՆ։
Նկար 2. Ղազախստանի արտահանման կառուցվածքն ըստ հիմնական առևտրային գործընկերների (TOP15), մլն ԱՄՆ դոլար, 2015-2023թթ․
Աղբյուր՝ UN Comtrade
Հատկանշական է, որ դեպի Իտալիա արտահանման 90%–ից ավելին կազմում է 27 «Հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր» ապրանքախմբի արտահանումը, Ղազախստանին դարձնելով նավթի խոշոր մատակարար իտալական տնտեսության համար։ Միևնույն ժամանակ, արտահանումը դեպի Ռուսաստան և Չինաստան ունի առավել դիվերսիֆիկացված բնույթ։ Այսպես, դեպի Չինաստան արտահանումը հիմնականում ներառում է հանքահումքային արտադրանք, քիչ քանակությամբ հացահատիկներ և տեխնիկական բույսեր, դեղաբույսեր։ Առավել հետաքրքրական է արտահանման կառուցվածքը դեպի Ռուսաստան, որը խիստ փոփոխվել է 2022թ․–ից հետո՝ երկրի հանդեպ Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների և առևտրային էմբարգոների հետևանքով։
2023թ․ դրությամբ Ղազախստանը Ռուսաստան է արտահանում մեծ քանակությամբ 28 «Անօրգանական քիմիական միացություններ, ռադիոակտիվ էլեմենտներ և իզոտոպներ», որից շուրջ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար կազմում է ուրանի արտահանումը։ Արտահանման մեջ գերակշիռ դիրք են զբաղեցնում նաև սև մետաղները, հանքաքարը և այլն։ Որպես ռազմավարական լոգիստիկ հաբ, Ղազախստանը մասնակցում է նաև Ռուսաստանի շուրջ ձևավորված վերաարտահանման մեխանիզմներում՝ կատարելով հատկապես էլեկտրական մեքենաներ սարքավորումների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումների վերաարտահանում։
Նկար 3. Ղազախստանից դեպի Իտալիա, Ռուսաստան և Չինաստան արտահանման ծավալներն ըստ խոշոր ապրանքախմբերի, մլն ԱՄՆ դոլար, 2021-2023թթ․
Աղբյուր՝ UN Comtrade
Դեպի Ղազախստան ներմուծման կառուցվածքն ըստ երկրների գրեթե կրկնում է արտահանման կառուցվածքը։ Այս դեպքում մինչև 2022թ․–ն առաջին տեղում էր գտնվում Ռուսաստանը՝ կազմելով ընդհանուր ներմուծման շուրջ 40-60%–ը։ Սակայն 2023թ․–ին Ղազախստանը խոշոր ծավալներով ներմուծում է կատարել Չինաստանից՝ 16.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Հաշվի առնելով, որ նույն տարում դեպի ՌԴ արտահանման ծավալները կազմել են 9.7մլրդ ԱՄՆ դոլար, ընդամենը 1 մլրդ դոլարով ավել նախորդ տարվա նկատմամբ՝ կարելի է պնդել, որ այս ներմուծումը չի իրականացվել վերաարտահանման նպատակով։
Նկար 4. Ղազախստանի ներմուծման կառուցվածքն ըստ հիմնական առևտրային գործընկերների (TOP15), մլն ԱՄՆ դոլար, 2021-2023թթ․
Աղբյուր՝ UN Comtrade
Ղազախստանը Չինաստան արտահանում է հանքահումքային ապրանքներ և ներմուծում մեքենաներ, էլեկտրական սարքավորումներ, տեքստիլ, հագուստ, կոշիկ և կենցաղային տեխնիկա։ Իսկ Ռուսաստանից ներմուծման հիմնական մասն են կազմում նավթը, սև մետաղները, փայտը, սննդամթերքը և այլն։ Այստեղ անհրաժեշտ է նշել հնարավոր վերաարտահանման մասին՝ պատժամիջոցները շրջանցելով ռուսական ապրանքները եվրոպական երկրներ, ԱՄԷ և Թուրքիա արտահանելու նպատակով։ Եվ վերջապես, դեպի ԱՄՆ, Գերմանիա և Հարավային Կորեային ներմուծվում են հիմնականում վերգետնյա տրանսպորտային միջոցներ և միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ՝ մասամբ դեպի ՌԴ վերաարտահանելու նպատակով։ Կարևոր գործընկեր է հանդիսանում նաև Գերմանիան, որը հանդիսանում է դեպի Ղազախստան բարձր տեխնոլոգիական և դեղագործական արտադրանքի մատակարար։
Նկար 5. Ղազախստանի ներմուծման ծավալները Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ–ից,Գերմանիայից և Հարավային Կորեայից ըստ խոշոր ապրանքախմբերի, մլն ԱՄՆ դոլար, 2021-2023թթ․
Աղբյուր՝ UN Comtrade
Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումներին, ապա անհրաժեշտ է նշել, որ չնայած դրանց կենտրոնացմանը հանքագործական արդյունաբերության ոլորտում (պաշարների շուրջ 74%)՝ վերջին շրջանում այս ուղղությամբ նույնպես նկատվում են դրական տեղաշարժեր։ 2025թ․ դրությամբ ՕՈՒՆ պաշարների շուրջ 6%–ը (10,8 մլրդ ԱՄՆ դոլար) կենտրոնացած է մշակող արդյունաբերության ոլորտում, իսկ ևս 4%–ը կենտրոնացված են մեծածախ և մանրածախ առևտրի (7.1 մլրդ ԱՄՆ դոլար) և ֆինանսական ու ապահովագրական ծառայությունների (7․07 մլրդ ԱՄՆ դոլար) ոլորտներում։ Սա վկայում է տնտեսության աստիճանական դիվերսիֆիկացիայի և տնտեսության այլ ոլորտներում գործունեության ծավալման նկատմամբ վստահության աճի մասին։
Նկար 6. Օտարերկրյա ուղղակի ներդրումների պաշարների կառուցվածքն ըստ տնտեսական գործունեության Ղազախստանում, մլն ԱՄՆ դոլար, 2025թ․ հունվարի 1-ի դրությամբ
Աղբյուր՝ Ղազախստանի Ազգային Բանկ
Ղազախստանում ներդրող երկրների շրջանում առաջնային դիրքեր են գրավում Նիդերլանդները (57.6 մլրդ ԱՄՆ դոլար), ԱՄՆ–ն (48.9 մլրդ ԱՄՆ դոլար), Ռուսաստանը (18.1 մլրդ ԱՄՆ դոլար), Մեծ Բրիտանիան (14 մլրդ ԱՄՆ դոլար), Չինաստանը (13.7 մլրդ ԱՄՆ դոլար) և Ֆրանսիան (13.4 մլրդ ԱՄՆ դոլար)։ Հետաքրքիր է, որ Չինաստանի մասնաբաժինը հատկապես աճում է նոր ներդրումային նախագծերի դեպքում, հատկապես լոգիստիկ, մշակող արդյունաբերության և էներգետիկ ոլորտներում։