Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Sweetli by Lilit - հարցազրույց ընկերության հիմնադիր` Լիլիթ Հովհաննիսյանի հետ

article image
Հեղինակ
no img
Armenian Business Portal
14.04.2025

Կարճ ժամանակահատվածում Sweetli_by_Lilit դարձավ շատ ճանաչված և սիրված հայկական շուկայի բավականին պահանջկոտ սպառողի համար։ Ինչպիսի՞ մարտահրավերների եք հանդիպել Հայաստանում առողջարար քաղցրավենիքների շուկա մուտք գործելիս, և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:



- SweetLi-ն նախագիծ է, որը ստեղծվել է 2019 թվականին և առաջարկում է առողջ և օգտակար քաղցրավենիքներ և կիսաֆաբրիկատներ առանց շաքարի, գլյուտենի, լակտոզայի, կենդանական մթերքների, գունանյութերի և հավելումների:


Իհարկե թե՛ ճանապարհի սկզբում և թե՛ հիմա հանդիպում ենք տարբեր մարտահրավերների:


Երբ նոր էինք սկսում մեր գործենեությունը առողջ սննդի ոլորտը շատ թույլ էր զարգացած Հայաստանում և այլընտրանքային առաջարկները շատ քիչ էին։ Գուցե դեռ չկար այդ ոլորտի ապրանքների սպառողը և առողջ սնվելու գաղափարը չէր հասունացել այնքան, որ ստեղծեր մեծ պահանջարկ: Այդ իսկ պատճառով առաջին և գլխավոր մարտահրավերը այն էր, որ մարդիկ այնքան էլ չէին պատկերացնում, թե ինչպես կարող է քաղցրավենիքը լինել առանց շաքարավազի, ալյուրի և իրենց ծանոթ այլ բաղադրիչների, որոնք օգտագործվում են ավանդական քաղցրավենիքներ պատրաստելիս։ Անընդհատ հարցնում էին՝ «բայց քա՞ղցր են, համե՞ղ են, դիետ՞իկ են»։ Մեր առջև դրված խնդիրն էր մեր իսկ ստեղցած արտադրանքով ցույց տալ , որ կա այլընտրանքային շատ համեղ տեսականի, որը թե՛ համով և թե՛ տեսքով չի զիջում ավանդական տորթերին և միևնույն ժամանակ չի վնասում առողջությանը: Կարևոր էր բացատրել նաև այն, որ առողջ սնունդը ոչ միայն նիհարողների կամ առողջական խնդիր ունեցողների համար է, այլ նաև բոլորի: Դա այն գաղափարն է, որը վստահ եմ կարևորագույներից է առողջ և գիտակից սերունդ ունենալու և իրենց շնորհիվ երկիր ստեղծելու համար: Դա ինձ համար նաև շատ ոգեշնչող նպատակ է:


Բիզնեսը ստեղծել և վարել եմ համալսարանում ուսման հետ զուգահեռ ,ինչը բավականին բարդ էր: Հատկապես երբ բացեցինք մեր խանութ-սրահը, աշխատանքը էլ ավելի շատ ժամանակ էր պահանջում ինձանից: Առավոտյան մինչ համալսարան գնալը և դասերից հետո անպայման գնում էի խանութ և մինչ ուշ երեկո աշխատում էինք, որպեսզի ամեն ինչ հասցնեինք: Այնպես ստացվեց, որ ծնողներս էլ Ռուսաստանից կամաց-կամաց տեղափոխվեցին Հայաստան՝ ինձ օգնելու և բիզնեսը զարգացնելու համար:


Կարևոր մարտահրավերներից է նաև այն փաստը, որ օգտագործվող հումքի մեծ մասը ներմուծում ենք արտերկրից, ինչը երբեմն խնդիրներ է առաջացնում թե՛ ֆինանսի հետ կապված, երբ շուկայում տարադրամի կուրսի հետ կապված տատանումներ են լինում, որն ինքնին ազդում է ինքնարժեքի վրա և թե՛ ժամանակի, երբ ուշանում է ինչ որ պատվիրված հումք։ Փորձում ենք ճկուն լինել և լուծել ծագած խնդիրները:


⁠Արդյո՞ք Ձեր սննդային նախընտրությունները հիմք են եղել ստեղծել առանց շաքար քաղցրավենիքների բրենդ:


- Այո, հենց դա է եղել պատճառը, որի շնորհիվ արդյունքում ստեղծվել է SweetLi-ն:


Ամեն ինչ սկսվեց դեռ 2017 թվականին, երբ որոշեցի փոխել սննդակարգս և անցնել առողջ ապրելակերպի: Երբ նոր էի սկսում, նույնիսկ Ռուսաստանում այդ ժամանակ այլընտրանքային տարբերակները շատ քիչ էին, չկային առանց շաքարի շոկոլադներ կամ քաղցրավենիքներ: Չգտնելով այլընտրանք՝ սկսեցի պատրաստել ինձ համար առողջ քաղցրավենիքներ, որոնք շատ համեղ էին ստացվում:


Դպրոցն ավարտելուց հետո, երբ տեղափոխվեցի Հայաստան, ինձ համար շատ դժվար էր այստեղ այլըտրանքային մթերքներ գտնելը։ Հասկանալով, որ ոլորտը շատ թույլ է զարգացած, որոշեցի, որ կարող եմ ինչ-որ բան ստեղծել՝ մարդկանց այլընտրանք առաջարկելու և այդ գաղափարն ու ոլորտը զարգացնելու համար:


Որոշեցի, որ իմ պատրաստած քաղցրավենիքները պետք է լինեն բոլորի համար: Այսպիսով բացառեցինք շաքարը, գլյուտենը, լակտոզան, մեղրը, կենդանական մթերքները, հավելումները և արհեստական գունանյոթերը՝ ստեղծելով միայն բնական և բուսական մթերքներով քաղցրավենիք: Մեր արտադրանքի մեջ ունենք նաև այնպիսի տեսականի, որը չի ենթարկվում ջերմային որևէ մշակման, ինչի շնորհիվ հնարավորինս պահպանվում են վիտամիններն ու հանքային նյութերը։


Ստեղծել ենք այնպիսի տեսականի, որից կարող են օգտվել բոլորը՝ բուսակերները, հումակերները, շաքարային դիաբետ ունեցողները, երեխաները և նրանք, ում հակացուցված են գլյուտենը և լակտոզան:




Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են անցնել առողջ սննդի, բայց դժվարանում են հրաժարվել ավանդական քաղցրավենիքներից:


- Վստահ կարող եմ ասել, որ այսօր շատ ավելի հեշտ է անցնել առողջ ապրելակերպի և փոխել սննդակարգը, քան տարիներ առաջ, քանի որ բավականին զարգացել է ոլորտը (այդ թվում իհարկե նաև մեր շնորհիվ) և այլընտրանքային տարբերակները բազմաթիվ են:


Մենք անընդհատ աշխատում ենք տեսականու ընդլայնման վրա, որպեսզի հաճախորդներին առաջարկենք լայն տեսականի՝ յուրաքանչյուրի ճաշակին համապատասխանող: Անընդհատ աշխատում ենք բաղադրատոմսերի մշակման վրա, որպեսզի հնարավորինս ավանդական քաղցրավենիքներին մոտ արդյունք ստանանք:


Ինքս անցնելով շաքարից և վնասակար մթերքներից հրաժարվելու ճանապարհը՝ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր ուզում են դա անել։ Այստեղ կարևոր է գիտակցաբար մոտեցումը, որպեսզի օրգանիզմը սթրես չապրի և աստիճանաբար հարմարվի նոր սննդակարգին: Նաև շատ կարևոր է հստակ որոշումը և ցանկությունը, որպեսզի անհրաժեշտություն չլինի փնտրել արդարացումներ կամ անընդհատ «երկուշաբթի-ից սկսելու» գաղափարով ապրելը: Պետք է օրգանիզմն ու գիտակցությունը պատրաստ լինեն դրան, այլապես ոչինչ չի ստացվի։


Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուր այսօրվա ընտրություն, վաղվա հաջողության հիմքն է։ Պետք է հասկանալ, որ ավելի հեշտ է կանխել հիվանդությունները, քան հետո բուժել դրանք: Մեր և մեր երեխաների առողջությունը մեր ձեռքերում է: Եղեք օրինակ Ձեր երեխաների համար՝ փոքրուց սովորեցնելով առողջ սնվելու էթիկա։ Շատ եմ ուրախանում, որ այսօր շատ երիտասարդ մայրիկներ արդեն գալիս են այդ գիտակցությանը: Հղիության ընթացքում հրաժարվում են շաքարից և երեխային էլ հետագայում չեն տալիս վատ բաղադրիչներով սննդամթերք։ Փոխարենն ընտրում են մեր քաղցրավենիքները որպես երեխայի առաջին քաղցր և շարունակում են տալ միայն դա: Իհարկե այդ մոտեցումով մեծ օգուտ են տալիս երեխայի առողջությանը։




Բարձր գինը, որը պայմանավորված է շաքարի փոխարինիչների օգտագործմամբ, արդյո՞ք որևէ կերպ խոչընդոտում է վաճառքին, և ինչպե՞ս եք ավելի հասանելի գներով բարձր մրցակցային շուկայում կարողանում ձեր արտադրանքը խթանել։


- Անկեղծ չեմ կարծում, որ մեր արտադրանքը ունի բարձր արժեք, քանի որ այն լիովին արդարացված է և համապատասխանում է օգտագործվող բարձրակարգ հումքին: Այսօր Երևանի գրեթե բոլոր սրճարաններում ավանդական քաղցրավենիքների գները համարժեք են մեր գների հետ՝ երբեմն նաև ավելի բարձր, այն դեպքում, երբ պատրաստվում են սովորական շաքարով, ալյուրով և այլ ավանդական բաղադրիչնեդով, որոնց ինքնարժեքը անգամներով ցածր է մեր օգտագործած հումքի արժեքներից:


Մենք միշտ ապահովում ենք բարձր որակ՝ օգտագործելով միայն որակյալ սերտիֆիկացված հումք, քանի որ գործ ունենք նաև առողջության հետ: Այդ իսկ պատճառով մեր հաճախորդները, ովքեր ունեն ալերգիաներ և չեն կարողանում օգտագործել այս կամ այն մթերքը, հանգիստ օգտվում են մեր տեսականուց՝ վստահ լինելով, որ չեն վնասում իրենց առողությունը:


Շաքարի փոխարեն հիմանկանում օգտագործում ենք ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող քաղցրեցուցիչներ, օրինակ գետնախնձորի օշարակ, ինուլին, որոնց շնորհիվ շաքարի տատանումներ չի առաջանում, ինչը կարևոր է դիաբետ ունեցողների համար: Օգտագործում ենք միայն սերտիֆիկացված առանց գլյուտենի ալյուրներ, որպեսզի վստահ առաջարկենք տեսականին այն մարդկանց, ովքեր ունեն գլյուտենի անտանելիության խնդիր:


Մեր ամենագլխավոր հումքերից է կակաո յուղը, որը ներմուծում ենք Կոլումբիայից: Բոլորս գիտենք, որ շոկոլադը՝ հետևաբար կակաո յուղը, վերջին շրջանում մի քանի անգամ անգամներով թանկացել է, ինչը իհարկե ազդում է նաև մեր ապրանքի ինքնարժեքի վրա, քանի որ այդ բաղադրիչը կա գրեթե ողջ տեսականու մեջ: Դեռևս փորձում ենք չփոփոխել գները , բայց չեմ բացառում, որ հնարավոր է վերանայենք գնացուցակը:


Ամեն դեպքում, կարող եմ նշել, որ մեր սպառողները գիտակից մարդիկ են, ովքեր հասկանում են ինչով է պայմանավորված մեր արտադրանքի արժեքը և ինչի համար են իրենք վճարում: Կան իհարկե կարծիքներ, որ արժեքը բարձր է, բայց դա նրանց կարծիքն է, ով համեմատում է մեր քաղցրավենիքի և ավանդական քաղցրավենիքի արժեքները՝ հաշվի չառնելով, որ օգտագործվող բաղադրիչները լրիվ այլ են և համեմատելի չեն։


Որո՞նք են Ձեր բրենդի առաջիկա զարգացման ուղղությունները։ Կա՞ն արդյոք պլաններ ընդլայնելու «Sweetli by Lilit»-ի տեսականին կամ մուտք գործելու նոր շուկաներ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով:


Առաջնային նպատակներից է վերաբացվել բավականին հետաքրքիր նոր ֆորմատով։ Հուսով եմ շուտով կկարողանանք դա իրագործել:


Տեսականին անընդհատ ընդլայնում ենք՝ ստեղծելով նոր ապրանքներ: Այսպիսով այսօր պատրաստում ենք տարբեր տորթեր, կոնֆետներ, բատոնչիկներ, տարտեր, պաղպաղակներ, մոչիներ, ընդեղենային կարագներ, կոզինախներ, առանց գլյուտենի գրանոլա, բուսական կաթեր, ձեռագործ շոկոլադներ, առանց մեղրի փախլավա, ցածր կալորիականությամբ ջեմեր, բուսական վարենիկներ և սիրնիկներ: Իհարկե այս ամենով չենք սահմանափակվում և ունենք շատ լավ գաղափար, որն իրագործելու դեպքում կլինենք նման պրոդուկտի առաջին արտադրողը Հայաստանում: Հուսով եմ մեզ կհաջողի դա անել:


Ինչ վերաբերվում է նոր շուկաներ մուտք գործելուն, պլանավորում ենք նաև բացել մասնաճյուղեր Ռուսաստանի Դաշնությունում: