#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Kivera Naynomis" բրենդի հիմնադիր` Արևիկ Սիմոնյանից։
________________________________________
Kivera-ն տարիների ընթացքում ձևավորվել է որպես հայկական նորաձևության ոլորտի առանցքային խաղացող։ Ինչպե՞ս է փոխվել ձեր տեսլականը բրենդի ստեղծման պահից մինչև այսօր:
- Զարգացման ճանապարհն իսկապես շատ է փոխվել։ Ես համարում եմ Kivera-ն իմ երեխան, և ինչպես ես եմ մեծացել, այնպես էլ Kivera-ն է մեծացել ու լրջացել՝ դարձել ավելի զուսպ, ավելի կլասիկ։
Ի սկզբանե Kivera-ն գործել է որպես ատելյե, սակայն 3-4 տարի անց հասկացանք, որ ուզում ենք դառնալ բրենդ։ Այժմ մեր նպատակը միջազգային շուկայում մրցակցելն է՝ դառնալով այնպիսի բրենդ, որը կկարողանա հավասարվել միջազգային ճանաչում ունեցողներին։
Ինպե՞ս է միջազգային շուկան գնահատում հայ դիզայներների աշխատանքները և կկարողանա Հայաստանը իր տեղը գտնել գլոբալ ֆեյշնի քարտեզի վրա։
- Այս պահին մենք չենք կարող ստեղծել այնպիսի "wow" էֆեկտ, բայց համաշխարհային հետաքրքրությունն ակնհայտ է։ Kivera-ի դեպքում մեզ առավելապես նկատում են ցուցահանդեսների և ցուցադրությունների ժամանակ։ Մեր հանդեպ մեծ հետաքրքրություն կա Ղազախստանում, Ուզբեկստանում, Ռուսաստանում։
Եվրոպական շուկայի համար, թերևս, այնքան էլ "սրտին մոտ" բրենդ չենք, քանի որ մեր արտադրանքը ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, ինչը նրանց համար գուցե խորթ է։ Սակայն դա չի նշանակում, որ չենք կարող գտնել մեր տեղը՝ պարզապես պահանջվում է ավելի խորքային մոտեցում և աշխատասիրություն։
Աշխարհում կան նորաձևության բրենդներ, օրինակ՝ Valentino-ն, որոնք ազգային մոտիվները վերածել են գլոբալ fashion թրենդի՝ ստեղծելով ժամանակակից և մրցունակ ապրանքանիշ։ Կարո՞ղ է արդյոք հայկական ոճը նույնպես դառնալ մաս համաշխարհային նորաձևության բեմում, և ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ այդ ուղղությամբ։
- Ես համոզված եմ, որ այո՛, հայկական ոճը կարող է դառնալ համաշխարհային նորաձևության մի մաս։ Մենք ունենք շատ գեղեցիկ պատմություն, որը կարող է լինել մեր ոգեշնչման հիմնական աղբյուրը։ Միայն պատմությանը հետևելով հնարավոր է ստեղծել աննկարագրելի գեղեցիկ հավաքածու, բայց դրա համար պահանջվում է ժամանակ, խորքային ուսումնասիրություն և աշխատասիրություն։
Մենք մեր հավաքածուներում միշտ օգտագործում ենք հայկական տարրեր, բայց ոչ չափազանց ակնհայտ կերպով։ Օրինակ՝ չենք օգտագործում հայկական տառեր կամ նուռ, այլ նախընտրում ենք ավելի խորքային դետալներ, օրինակ՝ եկեղեցիների ճարտարապետական տարրերը։ Այս մոտեցումը թույլ է տալիս ստեղծել յուրօրինակ, բայց միևնույն ժամանակ մրցունակ դիզայն։
Արագ նորաձևության շուկան կամ նույն fast fashion-ը 2024-ին հասել է 150 միլիարդ դոլարի, և կանխատեսվում է, որ մինչև 2032 թվականը այն կկազմի 300 միլիարդ։ Այս համատեքստում՝ ինչպե՞ս կարող են բարձր և միջին գնային սեգմենտի բրենդները մրցակցել նման հսկայական շուկայի հետ և առաջարկել այլընտրանք։ Ինչպե՞ս եք գնահատում այս միտումը, և ինչ ազդեցություն այն ունի ավելի նիշային ու մշակութային նորաձևության վրա։
- Մրցակցություն միշտ կա, բայց յուրաքանչյուր նիշա ունի իր հաճախորդը։ Նույն fast fashion-ի սպառողը կարող է օգտվել նաև լյուքս բրենդերից։ Այսօր մարդիկ կարող են կրել Zara-ից գնված բլուզ, բայց այն ճիշտ ընտրված աքսեսուարներով վերածել յուրահատուկ կերպարի։
Այդ պատճառով չի կարելի ասել, որ լյուքս բրենդները չեն կարող մրցակցել fast fashion-ի հետ, որովհետև դրանք պարզապես տարբեր շուկաներ են։
Հայաստանում, ցավոք, շատ բրենդեր դեռ չեն կարողանում ճիշտ ներկայանալ։ Բրենդ ստեղծելու համար միայն դիզայներ լինելը բավարար չէ. անհրաժեշտ է մեծ թիմ, իսկ այսօր այդ թիմը Հայաստանում գրեթե չկա։ Նույնիսկ Kivera-ն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։
Այս տարի և հաջորդ տարի ես լսել եմ, որ արտասահմանյան կազմակերպություններ փորձելու են նորաձևության տները նոր մակարդակի հասցնել, ինչը մեծ հնարավորություն է նաև մեզ համար։
Ինչպե՞ս եք կարողանում համատեղել աշխատանքն ու ընտանեկան կյանքը, հատկապես հաշվի առնելով, որ բազմազավակ մայր եք:
- Անկեղծ ասած՝ ոչ մի կերպ։
Աշխատավայրում ասում են, որ տեղում չեմ, տանը՝ որ այնտեղ չեմ, և արդյունքում չեմ հասկանում՝ ամբողջ օրս որտեղ եմ անցկացնում։ Ստացվում է, որ նույնիսկ ինձ համար ժամանակ չեմ կարողանում գտնել։ Մի կերպ։
Եթե պետք լինի ընտրել մեկ խորհրդանիշ կամ տարր, որը կդառնար Kivera-ի այցեքարտը միջազգային շուկայում, ո՞րը կլիներ այն և ինչու՞։
- Երևի թե՝ խաչը։
Չնայած այն փաստին, որ արաբական շուկայում դա գուցե խնդիր լինի, բայց մեր զարդերն ու դետալները խորքային իմաստ ունեն, և իմացողները կգնահատեն դրանք։ Այդ խորհրդանիշը կապված կլինի հայկական եկեղեցիների և դրանց մշակութային ժառանգության հետ, որը Kivera-ի համար մշտապես եղել է ոգեշնչման աղբյուր։