Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Faina Fashion – հարցազրույց բրենդի հիմնադիր` Ֆաինա Հարությունյանի հետ

article image
Հեղինակ
no img
B1 Media
27.07.2025

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Faina Fashon" ընկերության հիմնադիր` Ֆաինա Հարությունյանից։

______________________________________

Faina Fashion-ն այսօր ճանաչվում է որպես ժամանակակից և ինքնատիպ նորաձևության բրենդ։ Ի՞նչն է դարձել այս գաղափարի սկիզբը։


- Մեծ երազանքն էր՝ ինչպես շատերի մոտ։ Երևի բոլոր դիզայներները հենց այդպես էլ սկսում են՝ երազելով ստեղծել իրենց բրենդը, հագուստը։ Ես էլ հետևել եմ իմ երազանքներին, ու դեռ այդ ճանապարհին եմ։


Եվ հենց այդ երազանքն էլ դարձավ իմ բրենդի սկզբնավորությունը։


Վերջերս ներկայացրել եք նորարարական ծառայություն՝ հագուստի անհատական կար ընդամենը 48 ժամում։ Կմանրամասնե՞ք, թե ինչպես է գործում այս մոդելը և ինչով է այն առանձնանում շուկայում։


Սովորաբար, երբ մարդիկ հագուստ են պատվիրում, գործընթացը երկար է տևում, իսկ այսօր մեր կյանքը լրիվ այլ ռիթմով է ընթանում։ Օրինակ՝ երբեմն հարսանիքի կամ այլ միջոցառման հրավերը գալիս է շատ հանկարծակի, իսկ նման դեպքերում զգեստ ընտրելն իսկական խնդիր է։ Թվում է՝ հագուստ շատ կա, բայց միջոցառման համար հագնելի մի բան գտնելը միշտ դժվար է։


Որոշեցի հեշտացնել իմ հաճախորդների կյանքը։ Այժմ նրանք գիտեն՝ կա ընդամենը 2 օր, և կստանան իրենց երազանքի զգեստը։ Սկզբում մի քիչ կասկածում էի՝ ստացվելու՞ է արդյոք դիզայներական հագուստը այսքան կարճ ժամանակում կարել։ Բայց մենք գտանք լուծումներ։


Երբեմն, հազվադեպ՝ 100-ից 1 դեպքում, կարող է խնդիր առաջանալ, եթե չափսերի հաղորդման ժամանակ սխալ հասկացվենք։ Բայց մենք հաճախորդների հետ կապ ենք հաստատում օնլայն, ուղարկում ենք ցուցումներ ու գրաֆիկա՝ ինչպես պետք է չափերը վերցնել։ Հաճախորդը ուղարկում է չափսերը, մենք կարում ենք ու ուղարկում զգեստը։


Այս ամենը շատ տեխնիկական և բարդ գործընթաց է՝ սկսած ճիշտ կտորի ընտրությունից, լեկալների մշակումից մինչև վերջնական հագուստի ձևավորում։ Բայց մեր թիմով կարողացել ենք գտնել մեխանիզմ, որ 2 օրվա մեջ հնարավոր լինի իրականացնել պատվերը։ Դե մի քիչ գաղտնիքներ կան էլի, չասեմ՝ մյուս դիզայներները չիմանան։


Որո՞նք են ամենավաճառվող կամ հաճախ կրկնվող պատվերները՝ ըստ ապրանքատեսակի կամ տարածաշրջանի։


- Երևի իմ բեսթսելլերները կորսետներն են, որոնց մասին հաճախ լավ արձագանքներ եմ ստանում։ Նաեւ պիջակները, ժակետները։ Ընդհանուր առմամբ ունեմ մի շարք մոդելներ, որոնք շատ պահանջված են։ Բայց կորսետները, պիջակները և կորսետային հիմքով զգեստները ամենից շատն եմ առանձնացնում։


Ինչպիսի՞նն է հայ սպառողը այս ոլորտում, արդյոք շատ պահանջկոտ կամ հետևողական է, թե՞…


- Կարծում եմ՝ հայ սպառողը ցանկացած ոլորտում բավականին պահանջկոտ է։ Հենց այդ պատճառով էլ հաճախ դժվար է դառնում նրա հետ աշխատելը։ Օրինակ՝ երբ հաճախորդը գնում է պատրաստի զգեստ խանութից, գրեթե երբեք բողոք չի ունենում։ Իսկ եթե նույն զգեստը ես կարեմ, սկսվում է՝ «էս մասը փոխենք», «դրան էլ մի բան ավելացնենք» և այլն։


Ուղիղ հաճախորդի հետ աշխատելը միշտ էլ բարդ է։ Մեկ բան է՝ դու արտադրում ես ու հագուստը գնում է խանութ, մեկ այլ բան՝ երբ անմիջական կապ ես հաստատում հաճախորդի հետ։ Բայց այս ոլորտում դա անխուսափելի է։


Ինչպես եք պատկերացնում Faina Fashion-ի զարգացումը առաջիկա մի քանի տարիներին:


- Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում ու երկրում, որտեղ գրեթե անհնար է ինչ-որ բան պլանավորել՝ նույնիսկ մեկ շաբաթ առաջ։ Երեկ երկրում տեղի ունեցած իրադարձությունները ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Ու ցավոք՝ նման բաները շատ են կրկնվում։


Ես շատ կցանկանայի, որ բոլոր բրենդներն ունենան իրենց զարգացման ճանապարհը, հասնեն իրենց երազանքներին։ Բայց ես անձամբ չեմ կարող պլանավորել, թե Faina-ն ուր է հասնելու, քանի որ շատ անկանխատեսելի է ամեն բան։


Հանրապետությունում նորաձևության ոլորտը դեռ շատ թույլ է զարգացած։ Սկսած արտադրանքից, կտորներից, վերջացրած մարքեթինգով ու լուսանկարիչների պակասով։ Այս ոլորտում բազում խնդիրներ կան՝ և՛ կրթության, և՛ պրոֆեսիոնալ ներկայացման առումով։ Մենք փորձում ենք ամեն օր քայլ առ քայլ առաջ շարժվել, բայց համաշխարհային մասշտաբով դեռ շատ անելիքներ ունենք։