Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

VanArdi - հարցազրույց հիմնադիր և տնօրեն` Վարուժան Մուրադյանի հետ

article image
Հեղինակ
no img
Armenian Business Portal
15.09.2024
image

Մենք գիտենք, որ մասնագիտությամբ հաշվապահ եք և երկար տարիներ աշխատել եք հենց հաշվապահ։ Ո՞րն էր այն բեկումնային պահը, որը ոգեշնչեց ձեզ թողնել ձեր կարիերան և սուզվել հայկական գինեգործության աշխարհ:


- Իրականում բեկումնային պահ չի եղել, այլ եղել է աշխարհընկալման բնական զարգացում և արժեքների ու առաջնահերթությունների վերադասավորում։ Չնայած որ ես միշտ էլ հաճույքով եմ աշխատել իմ նախկին մասնագիտությամբ, գինին և գինեգործությունը միշտ եղել են իմ հետաքրքրությունների շրջանակում։ Ազատ ժամանակս օգտագործել եմ գինեգործության մասին կարդալով, ուսումնասիրելով և որոշ գարաժային գինեգործությամբ զբաղվելով։ Այն ժամանակ՝ սրանից 15-20 տարի առաջ, աշխարհը իրոք չգիտեր հայկական գինու մասին, և «Հայկական գինի» հասկացությունը ոչինչ չէր ասում գինեսերներին և որևէ միջազգային գինու մասնագետին։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը ունի գինեգործության հազարամյակների պատմություն և գինու համար հիանալի բնակլիմայական պայմաններ։ Սա խնդիր էր ինձ համար և միևնույն ժամանակ անձնական մարտահրավեր դարձավ իրավիճակը փոխելու։ Երևի վերջապես եկավ այդ ձեր ասած բեկումնային առաջին քայլը անելու ժամանակը՝ քայլ, որը տանում էր մասնագիտության փոփոխության կտրուկ շրջադարձի, նոր ներդրումներ կատարելու և ընտանիքով Հայաստան մշտական տեղափոխվելու կարևոր որոշման։

image

Ձեր ընտանիքի անդամները նույնպես ներգրավված են Van Ardi-ի գործունեության մեջ՝ գինեգործությունից մինչև խոհարարություն, ինչպե՞ս եք կարողանում ճիշտ կազմակերպել ընտանիքի աշխատանքը։ Դա օգնում, թե վնասում է բիզնեսին:


- Իմ կարծիքով, վերջին հարյուրամյակում միջինացված հայ անհատի կապը հողի և էթնոտարածքի հետ կորել է և դարձել է ոչ հաստատուն։ Այս առումով Վան Արդիի կարևոր առաքելություններից է Հայաստանում հիմնել շարունակական գինեգործական ընտանիքների մշակույթը, որի սերունդները ոչ միայն կժառանգեն գինեգործական արժեքները, այլև բնականորեն կապված կլինեն հողի և հայրենիքի հետ։ Ընտանիքի անդամները համարյա բոլորը ներառված են Վան Արդիի գործունեության մեջ. որոշները ամբողջությամբ ստանձնել են որևէ ոլորտի պատասխանատվություն, իսկ որոշներն էլ ունեն մասնակի մասնակցություն։ Սա ապահովում է, որ մեր հաճախորդները և այցելուները միշտ ստանան ամենաջերմ մոտեցումները։

Դուք նշում եք, որ ձեր խաղողի այգիները սերենադված են դասական, ջազային և հայկական երաժշտությամբ: Մի փոքր կպատմեք այս հետաքրքիր մոտեցումից:


- Գինեգործությունը ոչ միայն գիտություն է, այլև արվեստ։ Մենք ցանկանում ենք մեր որթատունկերի համար ստեղծել յուրահատուկ միջավայր, որտեղ նրանք կաճեն և բերք կտան։ Զանգակատան զանգերի և երաժշտության ձայնային տատանումները իրենց անմիջական ֆիզիկական ազդեցությունն են թողնում խաղողի աճի և որակի վրա։ Սա մեզ համար առավելապես հստակ գիտական ֆիզիկա է, քան երևակայական մոտեցում։ Սրա մասին կան բազմաթիվ ուսումնասիրություններ։ Եթե Վան Արդիի այգիները հիմնականում լսում են ավելի ոգեշնչող, բազմաձայն երաժշտություն՝ օրինակ շարականներ, Բախ, Հայրիկ Մուրադյան, ապա մառանում գինիները ցանկանում են լսել ավելի ներդաշնակ երաժշտություն՝ առավել լավ բալանսավորման համար։

image

VanArdi-ն այսօր ասոցացվում է յուրահատուկ հարսանեկան արարողությունների հետ: Սա մերքեթինգային քայլ է, թե բիզնես մոդելի լիարժեք մաս:


- Գինետուրիզմը և միջոցառումների անցկացումը մեր այգիներում ի սկզբանե ներդրված էր Վան Արդի նախագծի մեջ։ Սա ավելի շատ մոտեցում է խաղողագործության և գինեգործության հանդեպ, ինչպես նաև բիզնես մոդելի լիարժեք մաս։ Մեզ մոտ չկան փակ դռներ մեր այցելուների համար։ Գինեգործությունը Վան Արդի թիմի համար առաջին հերթին ապրելակերպ է, և այս զգացումը մենք ցանկանում ենք կիսել մեր այցելուների հետ, որոնք մաս կկազմեն այս գեղեցիկ միջավայրին և օրվա վերջում իրենց հետ կտանեն դրական զգացումներ և հիշողություններ՝ նորից վերադառնալու ակնկալիքով։