#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Bayazet" ընկերության հիմնադիր և տնօրեն` Տիգրան Մոմջյանի հետ։
________________________________________
«Բայազետ» ընկերությունը շուկայում է 1998 թվականից. ոլորտի ո՞ր փոփոխություններն եք հատկապես կարևորում այս տարիների ընթացքում և ինչպե՞ս է ընկերությունը հարմարվում ժամանակակից մարտահրավերներին:
21-րդ դարը տեխնոլոգիաների դարաշրջան է, և մենք ամեն տարի նորացնում ենք մեր հաստոցները։ Շուտով գերմանական տեխնոլոգիաներ ենք ձեռք բերելու, իսկ մեր փորձի փոխանակումը շարունակվում է թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի հետ։ Մենք քայլում ենք ժամանակի հետ համընթաց, քանի որ կանգ առնելը նշանակում է մեկ քայլ հետ գնալ։
Ինչպե՞ս է սեփական ֆերմայի առկայությունն օգնում պահպանել արտադրանքի բարձր որակը: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում էկոլոգիապես մաքուր արտադրանք ապահովելու համար:
Բացի այն, որ մենք ունենք սեփական ֆերմա, մեր մոտ գործում է նաև մորթարան, որը համապատասխանում է բոլոր բժշկական ստանդարտներին։ Սպանդանոցը նոր է բացվել, և այնտեղ ամեն օր մորթ է կատարվում։ Բարձր որակի սպանդանոցը հնարավորություն է տալիս ապահովել էկոլոգիապես մաքուր և բարձր որակի սնունդ։
Բացի այդ, մենք ունենք որակի ապահովման մեծ թիմ, որը համագործակցում է մի քանի լաբորատորիաների հետ՝ ապահովելով արտադրանքի անվտանգությունն ու որակը։
Դուք ունեք արտահանման համար նախատեսված տեսականի: Որո՞նք են ընկերության համար առավել կարևոր շուկաները: Ի՞նչ շուկաներ եք նախատեսում, գուցե, առաջիկայում մուտք գործել և, առհասարակ, ո՞ր ուղղություններով եք պլանավորում զարգացնել արտահանումը: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ ուղղությունները:
Քանի որ մեր արտադրանքը մսամթերք է, և Հայաստանի վրա կան շատ արգելքներ արտահանման հետ կապված, տվյալ պահին մենք շատ երկրներ չենք արտահանում։ Արտահանումը հիմնականում կատարվում է Ռուսաստան, որտեղ Կրասնոդարում ունենք պաշտոնական դիստրիբյուտոր, որը ապահովում է ամբողջ Ռուսաստանի շուկան մեր արտադրանքով։ Վերջերս հանդիպում տեղի ունեցավ Էկոնոմիկայի փոխնախարարի հետ, որի ընթացքում քննարկեցինք մսամթերքի արտահանման հնարավոր աջակցությունը դեպի ԱՄՆ, քանի որ այնտեղից դեռ ոչ ոք չի արտահանել մեր արտադրանքներից։
Բացի այդ, հետաքրքրված ենք նաև արաբական շուկայով։ Եթե ստացվի արտահանում կազմակերպել դեպի արաբական երկրներ, ապա կադապտացնենք մեր արտադրանքը տեղի շուկային՝ չարտահանելով խոզի մսից պատրաստված մթերքներ։
Այս պահին արտահանում ենք բաստուրմա, սուջուխ, շոգեխաշված միս, խաշ, տուշոնկաներ և վերջերս նաև խոզի վզամիս՝ skin փաթեթավորմամբ։ Խաշը մեծ պահանջարկ ունի, սակայն, քանի որ դա շատ սեզոնային ապրանք է, չի ստացվում այն մեծ քանակությամբ և անընդհատ արտահանել։
Ձեր արտադրանքը հայտնի է մսամթերքի լայն տեսականիով՝ քյուֆթա, կիսաֆաբրիկատներ և պահածոներ: Այս արտադրատեսակներից որո՞նք են ամենաշատը պահանջված ձեր սպառողների շրջանում:
«Բայազեթ» մսամթերքի անվանումը գալիս է Գավառից, որի նախնական անվանումն էր Նոր Բայազեթ։ Անվանումը կապված է Բայազեթից Գավառ գաղթած մարդկանց պատմության հետ։
Մեր հիմնական պրոդուկտը քյուֆթան է, որը ներկայացված է մի քանի տեսակներով՝ արևմտյան և արևելյան։ Վերջին ամիսներին ներկայացրել ենք նոր տեսակի քյուֆթա, որը պատրաստման համար լրացուցիչ բաղադրիչներ ավելացնելու կարիք չունի։ Այն արդեն ներառում է կոնյակ, ձու և սոխ. անհրաժեշտ է միայն եփել։
Բացի քյուֆթայից, ունենք նաև նորույթներ, ինչպիսիք են տոմատի մածուկը, իշլի քյուֆթան և խոզի վզամիսը՝ կիսապխտած տեսքով։
Զարգացման ի՞նչ ծրագրեր և ուղղություններ ունի «Բայազետ» ընկերությունն առաջիկա տարիների համար: Պլանավորո՞ւմ եք արդյոք մոտ ապագայում ընդլայնել տեսականին, եթե այո՝ ո՞ր արտադրատեսակներով, եթե գաղտնիք չէ:
Դեռ չենք ցանկանում բացահայտել բոլոր անակնկալներն ու նորույթները, որոնք նախատեսում ենք առաջիկայում ներկայացնել։