Պահեստները շատ հաճախ ենթակառուցվածքի և լոգիստիկայի ամենաանտեսված տարրերից մեկն են, չմայած հանդիսանում են մատակարարման շղթայի հիմնարար մասն: Որակյալ պահեստային սարքավորումները կարևոր են ոչ միայն պահեստավորման և բաշխման, այլ նաև ապրանքների փաթեթավորման, վերամշակման, հավաքման և հեշտ արտադրության համար՝ հանդիսանալով ցանկացած տնտեսության հիմք:
Պահեստային ենթակառուցվածքը նաև ազդում է լոգիստիկ ծառայությունների ոլորտի զարգացման վրա՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և խթանելով ներդրումները տրանսպորտային և տեխնոլոգիական լուծումներում: Գլոբալիզացիայի և Հայաստանում միջազգային առևտրի ծավալների աճի պայմաններում զարգացած պահեստային ցանցի առկայությունը դառնում է երկրի տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, օտարերկրյա ներդրումների ուղղակի ներգրավման և հայկական ընկերությունների համաշխարհային մատակարարման շղթաներում ներառելու գործոններից մեկը։
Արդյունավետ և կազմակերպված պահեստային ենթակառուցվածքը յուրաքանչյուր բիզնեսի համար հանդիսանում է օպերացիոն գործունեության անբաժանելի մասը: Լավ կազմակերպված պահեստները ապահովում են անխափան պահեստավորում, հավաքում և ապրանքների բեռնաթափում, ինչը կարևոր է արտադրական գործընթացների և հաճախորդների պահանջների բավարարման, արտադրանքի արագ շրջանառության ապահովման, արժեքային շղթայի ստեղծման և շահույթի ավելացման համար: Միևնույն ժամանակ, պրոֆեսիոնալ և որակյալ գործընկեր՝ պահեստային օպերատոր ունենալը կարևոր դեր է խաղում, քանի որ շատ ընկերություններ չունեն բավարար հմտություններ՝ իրենց հաճախորդների պահանջները բավարարելու և անհրաժեշտ պրոֆեսիոնալ պահեստային ծառայություններ կազմակերպելու համար:
Ըստ կանխատեսումների, գլոբալ պահեստային շուկան մինչև 2026 թվականը կհասնի 562 միլիարդ դոլարի՝ ապահովելով տարեկան 11.25% աճ: Ժամանակակից պահեստները համալրված են ավտոմատացման և թվայնացման տեխնոլոգիաներով, որոնք օգնում են ընկերություններին օպերատիվ կերպով կառավարել պահեստային պաշարները և իրական ժամանակում հետևել ապրանքների շարժին: Սա թույլ է տալիս ձեռնարկություններին արագ արձագանքել պահանջարկի փոփոխություններին՝ խուսափելով ապրանքների պակասից կամ ավելցուկից: Ավելին, ընկերությունները ձեռք են բերում արդյունավետ գործիքներ՝ օպերացիոն սխալների և կորուստների նվազեցման համար, ինչը դրական ազդեցություն է ունենում նրանց շահութաբերության և մրցունակության վրա՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում:
Պահեստային ենթակառուցվածքը նույնպես կարևոր դեր է խաղում էլեկտրոնային առևտրի զարգացման գործում: Էլեկտրոնային առևտրի զարգացմանը զուգահեռ, գլոբալ շուկան ցուցաբերում է ինտելեկտուալ թվային էվոլյուցիայի նշաններ, ներառյալ բազմակի գործընթացների ավտոմատացումը: Լոգիստիկ ոլորտի թվային փոխակերպումը փոխում է ժամանակակից պահեստների բնութագրերը և օպերացիոն ռազմավարությունը, իսկ օմնիկալ վաճառքի մոդելի նկատմամբ աճող պահանջարկը առաջիկա 6-8 տարիների ընթացքում խթանելու է Հայաստանի պահեստային ծառայությունների շուկայի զարգացուման տեմպը:
Կանխատեսումների համաձայն, 2026 թվականի վերջում, Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը կաճի կգերազանցի տարեկան 900 միլիոն ԱՄՆ դոլարի շեմը: Նման աճի տեմպը և ոլորտի առևտրի ծավալները պահանջում են բարձրորակ պահեստային ենթակառուցվածքի ավելի դինամիկ զարգացում, որն այս պահին դեռևս չի համապատասխանում շուկայի պահանջներին: Բացի պատվերների մշակման և փոխանցման կարգավորված գործընթացներից, որոնք կարող են օպտիմալացվել թվային ենթակառուցվածքի միջոցով, կարևոր է նաև պահեստների դիրքը: Արագ և ճշգրիտ պատվերների կատարումը հնարավոր է պահեստների առկայության դեպքում, որոնք տեղակայված են հիմնական տրանսպորտային հանգույցների, ինչպիսիք են օդանավակայանները, ազգային նշանակության տրանսպորտային հանգույցները և խոշոր քաղաքները: Սա նպաստում է առաքման ժամանակի կրճատմանը և հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը:
Հարկ է նշել, որ 2010-2012 թվականներից սկսած Հայաստանում կառուցվել և շահագործման է հանձնվել առնվազն 4 պահեստային համալիր՝ ընդհանուր 50,000 մ² տարածքով: Սակայն, հաշվի առնելով, որ երկրի աշխարհագրական դիրքը այն դարձնում է պոտենցիալ կարևոր լոգիստիկ հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև, տնտեսության համար կարևոր է արդյունավետ և ժամանակակից պահեստային ենթակառուցվածքի առկայությունը: Օրինակ, «Չոր Պորտ» նախագիծը համապատասխանում է ընթացիկ պահանջներին և մարտահրավերներին, սակայն անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրել ներկայիս իրավիճակը և դիտարկել պահեստային ծառայությունների ոլորտը՝ հաշվի առնելով դրա տնտեսական ազդեցությունը երկրի համար և Հայաստանի տնտեսվարողների կարիքները:
Հայաստանի պահեստային ենթակառուցվածքը բախվում է մի շարք խնդիրների, ինչպիսիք են՝ ժամանակակից պահեստային տարածքների պակասը, միջազգային փորձ ունեցող որակյալ պահեստային օպերատորների բացակայությունը և պահեստային ենթակառուցվածքի մեջ ներդրումների անբավարարությունը: Հայաստանի պայմանագրային պահեստային ենթակառուցվածքի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 250,000 մ², և այդ տարածքների միայն 20%-ն է համապատասխանում միջազգային չափանիշների A դասին, սակայն ուսումնասիրության պահին մատչելի վարձակալական տարածքներ չկային:
Պետք է ավելի մանրամասն ներկայացնել A դասի պահեստների բնութագրերը և դրանց նշանակությունը տնտեսության համար։ A դասի պահեստները ժամանակակից օբյեկտներ են, որոնք հագեցած են բարձր տեխնոլոգիական անվտանգության միջոցներով (առաջին հերթին՝ հակահրդեհային համակարգերով, ջեռուցմամբ և օդափոխմամբ) և կապի միջոցներով: Այս դասի պահեստների հիմնական բնութագրիչներն են՝ կառույցի և սարքավորումների առանձնահատկությունները. սյուները տեղակայված են 9-12 մետր հեռավորությամբ, առաստաղի բարձրությունը կազմում է նվազագույնը 12 մետր՝ առնվազն 6 շարքի դարակներ տեղավորելու համար, գերհզոր բետոնե հատակ, որը նախատեսված է 5 տոննա/մ² բեռնվածքի համար 1,2 մետր բարձրության վրա: Նման պահեստները ունեն նաև բեռնաթափման դռներ՝ 1 դոկը 500 մ² պահեստային տարածքի հաշվարկով, բարձրության կարգավորվող բեռնաթափման հարթակներ, բեռնատար և թեթև բեռնատար տրանսպորտի համար կայանատեղիներ, գրասենյակային տարածքներ, անձնակազմի համար նախատեսված սենյակներ և այլն:
Միջազգային ընկերությունները, ուսումնասիրելով որևէ պոտենցիալ շուկա, ուշադրություն են դարձնում պահեստային ենթակառուցվածքին՝ արդի պահեստների առկայությանը, A դասի պահեստների որակին, պահեստների օպերատորների աշխատանքին և դրանց հաճախորդներին: Բարդ չէ կռահել, որ պայմանական միջազգային ընկերությունը, ուսումնասիրելով հայկական շուկան և հանդիպելով անբավարար զարգացած պահեստային ենթակառուցվածքի, ավելի հավանական է, որ կխուսափի մուտք գործել շուկա ինքնուրույն և կնախընտրի թողնել բոլոր ռիսկերը տեղական դիստրիբյուտորին:
Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության բարձր տեմպե 2023 թվականին նույնպես խթանում է Հայաստանի պահեստային ոլորտի զարգացումը, քանի որ մատակարարման շղթաները արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է բարձրորակ պահեստային ենթակառուցվածք, ինչը վերաբերում է ինչպես արտահանմանը, այնպես էլ ներմուծմանը:
Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերներից մեկը՝ Ռուսաստանը, ունի ավելի քան 45,7 միլիոն մ² որակյալ պահեստային տարածք, և միայն 2023 թվականին նոր պահեստային տարածքների մուտքը կազմել է 3,5 միլիոն մ²:
Փորձագետների գնահատմամբ, 2022 թվականին ռուսական խոշոր ընկերությունների և լոգիստիկ օպերատորների պահանջարկը ԱՊՀ երկրներում կրկնապատկվել է, իսկ նոր բացված պահեստային օբյեկտների թիվը շարունակում է աճել: Ղազախստանը շարունակում է մնալ առաջատարը՝ շահագործման հանձնված կամ կառուցման պլանավորված պահեստների քանակով՝ զբաղեցնելով ընդհանուր ծավալի մոտ 41%-ը: Պետության կողմից պահեստային ենթակառուցվածքի զարգացման համար կարևոր գործոններից է աջակցության ծրագրերի առկայությունը, ինչպիսիք են հատուկ տնտեսական գոտիների ստեղծումը, արտոնյալ վարկավորման ծրագրերի գործարկումը, ենթակառուցվածքների ծախսերի սուբսիդավորումը, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների համար այլ խթաններ և արտոնություններ:
Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումները, ներառյալ արդյունաբերական արտադրությունը, վերամշակող արդյունաբերությունը, առևտուրը և գյուղատնտեսությունը մինչև 2030 թվականը, բարձրորակ պահեստային ենթակառուցվածքի դեֆիցիտը կկազմի 250-300 հազար մ²: Պահեստային ենթակառուցվածքի պահանջարկի աճի գործոններից կարելի է առանձնացնել նաև Հայաստանում էլեկտրոնային առևտրի ծավալների աճի կանխատեսումները: Պահեստային տարածքների պահանջարկի գնահատման համար կարելի է նշել, որ, օրինակ, Amazon-ի վաճառքների 1 միլիարդ ԱՄՆ դոլարի աճը պահանջում է առնվազն 300 հազար մ² նոր պահեստային տարածք, իսկ Amazon-ի պահեստային տարածքների ընդհանուր մակերեսը միայն ԱՄՆ-ում կազմում է 9,8 միլիոն մ²: Wildberries-ի սեփական պահեստային տարածքները կազմում են 1,5 միլիոն մ², իսկ 2024 թվականի վերջում նախատեսվում է կառուցել լրացուցիչ 2,5 միլիոն մ² պահեստային տարածք: Կարևոր է հաշվի առնել նաև Հայաստանը «Արևելք-Արևմուտք» տրանսնացիոնալ լոգիստիկ երթուղում ընդգրկելու ծրագրերը, որը պահանջում է ժամանակակից պահեստային ենթակառուցվածքների առկայություն՝ բեռների պահեստավորման և մշակման համար:
Բացի այդ, եթե պահեստային ենթակառուցվածքի զարգացումն ու դրանում ներդրումները դիտարկվեն որպես երկրի տնտեսական աճի շարժիչ ուժ, ակնհայտ է, որ դրա իրականացումից հետո Հայաստանն ունի տարածաշրջանային և միջազգային շուկաներում մրցակցային առավելություն ձեռք բերելու հնարավորություն: Որակյալ պահեստային տարածքները կգրավեն միջազգային լոգիստիկ օպերատորներին, ինչը, իր հերթին, կներգրավի խոշոր միջազգային արտադրական և առևտրային ընկերություններին, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր, կավելացնեն բյուջետային հարկային մուտքերը, կստեղծեն նոր արտադրական շղթաներ և, ամենակարևորը, կնպաստեն ուղիղ արտաքին ներդրումների աճին տնտեսությունում: