Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Unicorn business center, Maro Margaryan 2/4, Yerevan

Tesil – հարցազրույց ընկերության հիմնադիր-տնօրեն՝ Սիրվարդ Այվազյանի հետ

article image
Author
no img
Armenian Business Portal
24.11.2024

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Tesil" ընկերության հիմնադիր-տնօրեն` Սիրվարդ Այվազյանի հետ։

________________________________________

image

Tesil-ը նորաստեղծ ընկերություն է, որը զբաղվում է բնական, դիետիկ մթերքների արտադրությամբ: Լինելով երիտասարդ բիզնես, ի՞նչ մարտահրավերների եք հանդիպում դաշտում:


- Առաջինը, բնականաբար, դա նոր մշակույթ ստեղծելն էր, որը մենք ձևավորեցինք մեր ապրանքատեսակներով։ Մեզ համար դա, իհարկե, դժվար որոշում էր, որովհետև, ուսումնասիրելով շուկան, հասկացանք, որ մի կողմից՝ այո, լավ է, որ առաջինն ենք լինելու, բայց մյուս կողմից՝ պատրաստ պետք է լինենք, որ դժվարություններ կունենանք։ Շատերը գաղափար չունեին, որ, օրինակ, լորի փափկամսից կարող են պատրաստվել ղավուրմա, տհալ կամ պաշտետ լորի մսից կամ լյարդից։ Հնարավոր է նաև ապխտած լորի ձու կամ թարմ ապրանքատեսակներ ունենալ։ Սկզբում մենք խնդիր ունեինք՝ մարդկանց տեղեկացնելու և համոզելու, որ այս ապրանքատեսակները օգտակար են։


Հիմա արդեն զգում ենք այդ պրոգրեսիվ աճը։ Շատ մարդիկ, ինչ-որ բան գնելիս կամ ուտելիս, սկսում են մտածել՝ ինչպես այն ներառել իրենց ճաշացանկում կամ սննդակարգում։ Լորի միսը ընդհանրապես խոլեստերին չի պարունակում, և մարդիկ, ովքեր գիտակցում են խոլեստերինի վնասակար ազդեցությունը, բնականաբար, նախապատվությունը տալիս են լորի մսին։ Իհարկե, բացի դիետիկ հատկություններից, լորի միսը նաև շատ համեղ է։ Շատ հետաքրքիր և յուրօրինակ ուտեստներ կարելի է պատրաստել լորի մսով և ձվով։


Սկզբում մեր հաճախորդների համար լորի ձուն անծանոթ պրոդուկտ էր. նրանք մեզ զանգում էին և հարցնում՝ արդյոք պետք է կեղևով ուտել, թե կեղևահան անել։ Հիմա այս պատկերն աստիճանաբար փոխվում է, և մենք նոր տեսակներով զարմացնում ենք մեր հաճախորդներին։ Դա իսկապես նոր մարտահրավեր էր։ Ուսումնասիրելով ոլորտները՝ մենք հասկացել ենք, որ կան գերտարածված ուղղություններ, որոնք պակաս հետաքրքիր են, և կան ոլորտներ, որոնք պետք է զարգացնել։ Անընդհատ նույն բանը կրկնելով՝ չենք կարող արժեք ստեղծել մեր երկրի մասշտաբով՝ հատկապես մի ապրանքատեսակի, որը կարող է մրցունակ լինել դրսում։


Մեզ համար մարտահրավեր են նաև արտահանման հետ կապված գործընթացները։ Մենք հիմա ունենք երկարաժամկետ պահածոյացված ապրանքատեսակներ՝ պաշտետներ լորի փափկամսից և լյարդից, ինչպես նաև ղավուրմա։ Բոլոր ապրանքները 100% բնական են։ Սակայն ՌԴ շուկա մուտք գործելը դժվար է։ Այնտեղ խոշոր խանութային ցանցերը շատ մեծ են։ Թեև մենք Հայաստանում լորաբուծության մեջ ամենամեծն ենք, մեր ծավալները համեմատաբար փոքր են՝ Ռուսաստանի շուկայի համար։ Մեզ անհրաժեշտ է տեղեկատվական աջակցություն. որպես նոր սկսնակ արտահանող՝ ինձ համար շատ կարևոր է, որ ինչ-որ մեկը ճիշտ ուղղություն ցույց տա։


Օրինակ՝ նոր շուկա՝ Արաբական Էմիրություններ։ Վերջերս մասնակցեցինք Gulf Food ցուցահանդեսին՝ նախարարության կողմից տրամադրված միասնական տաղավարով։ Կային շատ հետաքրքրված կողմեր։ Սակայն ցուցահանդեսից հետո չգիտեինք, թե ինչպես ճիշտ շարունակել գործընթացը։ Այլապես բյուջեից կատարված այդ ծախսը կարող է պարզապես անարդյունավետ դառնալ, եթե հաջորդ փուլին չհասնենք։


Մյուս խնդիրը կապված է իրավական համակարգի հետ։ Օրինակ՝ մեզ պատկանող գույքի վրա անհասկանալի կալանք էր դրվել։ Ես, որպես սեփականատեր, որոշ խնդիրների բախվեցի, սակայն իմ բողոքները տեղ հասցվեցին, և այդ հարցերը լուծվեցին օրենքի շրջանակներում։ Ես, լինելով հայ, պատրաստ եմ դիմանալ նման բաների, որովհետև եկել եմ իմ երկիր։ Թող մի քիչ էլ գլխացավանք լինի, բայց, ի վերջո, ինչ-որ բան կստացվի։ Սակայն օտարերկրացիների համար սա ավելի բարդ է։ Եթե ուզում ենք ներդրումային միջավայրը բարելավել, պետք է օտարերկրյա ներդրողներին հնարավորինս հարմար պայմաններ ապահովենք, որպեսզի նրանք ասեն. «Հենց Հայաստանում եմ ուզում ներդրում անել»։


Մենք ՌԴ-ից տեղափոխվել ենք Հայաստան 2019 թվականին, և դրա համար անընդհատ շեշտում եմ, որ բոլորը պետք է գան։ Եկեք ներգրավենք ներդրողներին և ցույց տանք, որ Հայաստանում ապրելն ու աշխատելը իսկապես հրաշալի է։

Մեր ժողովուրդը հիմնականում նախընտրում է յուղոտ կերակրատեսակներ։ Ինչպե՞ս եք կարողանում հետաքրքրություն առաջացնել ձեր ցածր յուղայնությամբ արտադրանքների նկատմամբ:


- Այո, մեր բնակչության մեծ մասը նախընտրում է յուղոտ ճաշատեսակներ և մթերքներ, որոնք հաճախ անվանում են ավանդական, բայց շատ դեպքերում դրանք այդպիսին չեն։ Դրանք ներկայացվում են որպես ավանդականի ավելի ճոխացված տարբերակներ։


Այս հարցը, երևի, հենց այն հիմնական պատճառն է, թե ինչու ես որոշեցի ընտրել այս ոլորտը։ Մենք ցուցահանդեսների միջոցով անմիջական շփում ենք հաստատում մեր սպառողների հետ՝ իրազեկելով նրանց մեր արտադրանքի որակի և համային բարձր հատկանիշների մասին։ Պատմում ենք բաղադրության մասին, ներկայացնում, թե ինչու է լորի ձուն ավելի օգտակար։


Իհարկե, հավի ձուն նույնպես առողջ սննդի մաս է կազմում, բայց լորի ձուն ունի մի շարք առավելություններ։ Այն 4-5 անգամ ավելի շատ կարևոր վիտամիններ է պարունակում, ինչը հատկապես կարևոր է երեխաների, հղիների, մարզիկների և նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Մենք փորձում ենք դա փոխանցել մեր սպառողներին՝ վստահություն ստեղծելով մեր արտադրանքի հանդեպ։

image

Պլանավորու՞մ եք նոր տեսականի ավելացնել:


- Այո, այս պահին մենք արդեն աշխատում ենք նոր ապրանքատեսակների վրա, որոնք այժմ դիզայնի փուլում են։ Դրանցից մեկը լորի մսի արգանակն է, որը շատ խիտ և ամբողջությամբ բնական է՝ ի տարբերություն քիմիական այլընտրանքների։ Այս արգանակը կարելի է ջրով բացել և օգտագործել ապուրների կամ այլ ուտեստների պատրաստման համար։


Ինչպիսի՞ հեռանկարներ և ծրագրեր ունեք Tesil-ի զարգացման հետ կապված: Կա՞ն արդյոք նոր արտադրատեսակների ավելացման կամ, գուցե, արտահանման հետ կապված ծրագրեր:


- Շուտով մենք բացելու ենք նոր ֆիրմային խանութ և սրճարան Երևանի կենտրոնում՝ Արգիշտի 11 հասցեում, քաղաքապետարանի հարևանությամբ։ Այնտեղ պատրաստվող և մատուցվող բոլոր ուտեստները լինելու են մեր սեփական արտադրության։


Բացի այդ, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում արտահանման հեռանկարներին, քանի որ Հայաստանի շուկան փոքր է։ Նոր խանութը հնարավորություն կտա ոչ միայն ուղղակի վաճառքներ իրականացնել սուպերմարկետների ցանցերի միջոցով, այլ նաև հրավիրել հաճախորդներին մեր տարածք, որտեղ նրանք կկարողանան համտեսել մեր թարմ արտադրանքները և դրանք ձեռք բերել։