#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Miratrans" ընկերության հիմնադիր-տնօրեն` Աշոտ Միրաքյանի հետ։
________________________________________
Շուկայում լինելով 2011 թվականից, Mira Trans-ն առաջարկում է ծովային, օդային, ցամաքային փոխադրումներ, ինչպես նաև բեռների համախմբում և մաքսային խորհրդատվություն: Ինչպե՞ս է ստացվել համախմբել այս տարբեր ծառայությունները մեկ միասնական անթերի աշխատող օրգանիզմի մեջ:
- Պատճառը այն էր, որ երբ ես հիմնադրեցի MiraTrans ընկերությունը 2011թ.-ին, կային շատ ընկերություններ, որոնք մասնագիտացած էին միայն մեկ ոլորտում ծառայություն մատուցելու գործում, և հաճախորդների մոտ հաճախ խնդիրներ էին առաջանում իրենց ընդհանուր լոգիստիկ շղթան կազմակերպելու հարցում: Սա առիթ տվեց մտածելու, որ հաճախորդին անհրաժեշտ է համապարփակ ծառայություններ առաջարկել, ուստի մենք որոշեցինք համահունչ զարգացնել բոլոր ուղղությունները: Այսինքն՝ լինել ուժեղ թե՛ ցամաքային, թե՛ ծովային, թե՛ օդային փոխադրումների ոլորտներում: Ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ հաճախորդներին հնարավորություն էր տալիս ավելի հեշտությամբ կազմակերպել իրենց լոգիստիկ ծառայությունները և ստանալ համապարփակ ու որակյալ սպասարկում:
Մենք սկսեցինք բոլոր ուղղությունները կազմակերպել այնպես, որ դրանք իրականացվեն սեփական ռեսուրսներով, ինչը մեզ հնարավորություն տվեց վերահսկել մատուցվող ծառայությունների որակը, ապահովել ժամանակին կատարում և առաջարկել առավել մատչելի գներ մեր հաճախորդների համար:
Իսկ հաշվի առնելով, որ գնալով ընկերությունները շատանում են, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի պահանջարկը չնվազի ձեր ընկերության հանդեպ։
- Ճիշտն ասած, ես ունեմ մի տեսլական, որ պետք է մրցակցենք ինքներս մեզ հետ: Ընկերությունները կարող են շատանալ, բայց մեզ համար կարևոր է, որ մատուցվող ծառայությունների որակը միշտ բարձրանա։ Միշտ նշել ենք, որ պետք է ինքներս մեզ հետ մրցակցենք, այսինքն՝ այս ամիս ինչ ենք արել ավելի լավ, և ինչի վրա պետք է աշխատենք։ Ինչ վերաբերում է ընկերությունների թվի աճին, կարծում եմ, որ դա որոշակիորեն պետական մակարդակի կարգավորման հարց է։ Խոսքը ոչ թե մրցակցության նվազեցման մասին է, այլ ընկերությունները պետք է ավելի պատասխանատու լինեն իրենց աշխատանքում և վստահելի լինեն հաճախորդների համար։ Ընկերությունները պետք է կարողանան լուծել առաջացող խնդիրները, ճիշտ մատուցել իրենց ծառայությունները և պատասխանատվություն կրել դրանց որակի համար։ Այդ հարցի լուծումն էլ կարող է ապահովել միայն պետական կարգավորումը։ Մեր գործարար հանրությանը պետք է սովորեցնել, որ մատչելի ծառայությունը միշտ չէ, որ որակյալ է. մատչելիությունը պետք է համադրվի որակյալ սպասարկման հետ։
Ժամանակակից ի՞նչ տեխնոլոգիաներ եք կիրառում ձեր լոգիստիկ գործընթացներում, որպեսզի ապահովեք արդյունավետ սպասարկում և միաժամանակ շուկայում մրցունակ մնաք:
- Ժամանակակից տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ հաճախ դժվարանում ենք նրանց հետևել: Սակայն մենք ավտոմատացրել ենք մեր գործընթացները ընկերության ներսում և ներկայումս պատրաստում ենք փաթեթ մեր հաճախորդների համար, որը կօգնի նրանց ավտոմատացված ծրագրի միջոցով կապ հաստատել մեզ հետ՝ առանց ժամանակ ծախսելու հեռախոսազանգերի վրա։ Հաճախորդները կկարողանան մեկ կլիկով իրենց էլեկտրոնային հասցեներին հարցում ուղարկել և անմիջապես ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Նաև ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործում ենք մեր սեփական ավտոպարկի համար. մեր բոլոր մեքենաները րոպե առ րոպե վերահսկվում են՝ ապահովելով բեռների վիճակի, ճանապարհի ընթացքի և կարգավիճակի մասին տեղեկատվությունը։ Քանի որ մենք տեղափոխում ենք նաև ջերմային ռեժիմով բեռներ, մեր աշխատակիցները կարողանում են մշտապես հետևել, որ բոլոր պայմանները ճիշտ պահպանվեն, և խնդիրների դեպքում արագ արձագանքել։
Այս հարցում մեզ օգնում է նաև այն փաստը, որ Հայաստանում մենք առաջին ընկերությունն ենք, որը անդամակցել է միջազգային ամենախոշոր լոգիստիկ ցանցին՝ WCA World-ին։ Սա հնարավորություն է տալիս մեզ հետևել համաշխարհային տենդենցներին և դրանք կիրառել հայկական բիզնեսում։
Կա՞ն ուղղություններ և երկրներ, որոնք պլանավորում ենք ավելացնել։
Երկրների առումով մենք տրամադրում ենք փոխադրման ծառայություններ աշխարհի ցանկացած կետից դեպի Հայաստան: Սակայն, ինչպես գիտեք, աշխարհը շատ արագ է փոփոխվում, և իրողությունները, թեկուզ և կապված երկու տարի առաջ տեղի ունեցած պատերազմի հետ, պահանջում են, որ լոգիստիկ շղթան արագ արձագանքի: Մենք գիտակցում ենք, որ լոգիստիկան նպաստում է բիզնեսի բոլոր ճյուղերի կապին, իսկ ուշացումները և խնդիրները ընդհանուր առմամբ ազդում են երկրի տնտեսության վրա: Այդ պատճառով մենք աշխատում ենք մշտապես բարելավել մեր ծառայությունները և բոլոր խնդիրներին շատ ավելի արագ արձագանքել։
Ի՞նչ ծրագրեր և նպատակներ ունի Mira Trans-ն առաջիկա տարիների համար: Պլանավորո՞ւմ եք արդյոք ընդլայնել ձեր աշխարհագրությունը՝ նոր երկրներ ընդգրկելով, կամ, գուցե, ավելացնել առաջարկվող ծառայությունների ցանկը:
Ներկայումս մենք աշխատում ենք մի նախագծի վրա, որի նպատակն է՝ լոգիստիկայի ոլորտում սեփական մասնագետներ պատրաստել, քանի որ առկա են մեծ խնդիրներ մեր բուհերի կրթական ծրագրերի հետ կապված։ Բուհերում լոգիստիկայի ուսուցման համար կիրառվող տեխնոլոգիաներն, իմ կարծիքով, բավական հնացած են, և նորմատիվների, ինչպես նաև ընդհանուր տենդենցների հետևումը բավարար մակարդակի վրա չէ։ Արդյունքում, մենք միշտ կադրերի համալրման խնդիր ունենք, ինչը պայմանավորված է ոլորտում մասնագետների պակասով։
Հատկանշական է, որ մեզ մոտ աշխատող լավագույն մասնագետները նրանք են, ովքեր սկսել են մեզ մոտ զրոյից, անցել են ուսուցման փուլերը և զարգացել են իրենց մասնագիտության ու կարիերայի մեջ։ Փորձը ցույց է տալիս, որ հենց այս մեթոդաբանությունն է լավ աշխատակից ձևավորում։ Այդ պատճառով մենք նպատակ ունենք այս ուղղությամբ ավելի ընդլայնվել՝ կազմակերպելով լոգիստիկ դասընթացներ և անհրաժեշտության դեպքում մեր աշխատակիցներին ուղարկել այլ երկրներ վերապատրաստման, կոնֆերանսների մասնակցելու, որպեսզի նրանք ձեռք բերեն նոր գիտելիքներ ու հմտություններ։