“Made By Arm” շրջանակներում Հայ Գործարարների Ասոցիացիան զրուցել է "Daroink" ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար՝ Աննա Գրիգորյանի հետ:
_________________________________________________
Daroink-ն արդեն 25 տարի է Հայաստանյան շուկայի սիրված ապրանքանիշերից է և արտադրում է 200-ից ավելի ապրանքատեսակ։ Ինչպե՞ս է հաջողվում պահպանել արտադրանքի կայուն բարձր որակը, հաշվի առնելով, որ հիմնական սպառողները երեխաներն են։
- Ընկերությունն իր ստեղծման օրվանից որդեգրել է մի քաղաքականություն, որն է՝ արտադրել անվտանգ և բարձր որակի քաղցրավենիք ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Կայուն բարձ որակի ապահովումն ու նվիրական աշխատանքն էլ հիմք է հանդիսացել, որ ապրանքանիշը դեռ մանկությունից մինչ օրս յուրաքանչյուր օր ուղեկցում է իր հավատարիմ սպառողներին։ Բարձր որակի կայուն պահպանման պատճառը հիմնադիրների, ինչպես նաև ընկերության յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա նվիրական աշխատանքի արդյունք է։ Ընկերության համար միշտ առաջնային է եղել ոչ թե շահույթ հետապնդելը՝ այլ բարեխիղճ աշխատանքը և սպառողին բարձր որակի սննդամթերքով ապահովելը։ Բարձր որակի գրավականն է հանդիսանում նաև հատընտիր հումքի ընտրությունը, վերջին սերնդի սարքավորումներով զինվելը, բարձր որակի փաթեթավորման նյութերի օգտագործումը։
Ակնհայտ է, որ վերջերս Daroink-ը շուկայում նոր շնչով է դիրքավորվում, սկսած ռեբրենդինգից, մարքեթինգային ակտիվ արշավներից և մինչև նոր կերպարի՝ Deny արջուկի ստեղծումը։ Մի փոքր կպատմեք, ինչ ռազմավարական փոփոխություններ են տեղի ունենում ընկերությունում։
- Մեր նպատակը հայկական շուկայում երեխաների համար նոր կերպար ստեղծելն էր, որի արտադրանքը կլինի հասանելի և որակյալ։ Շուկայի հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ տեղական մանկական բրենդի բաց կա։
Հաշվի առնելով այն փաստը, որ բոլորի կողմից սիրված քաղցր ձողիկը երկար տարիներ եղել է հայ սպառողի կողքին և մինչ օրս համարվում է բոլոր մեծերի և փոքրերի կողմից ամենասիրելի պրոդուկտը շուկայում, որոշեցինք փաթեթի վրա պատկերված արջուկին կյանքի կոչել, անուն տալ և դարձնել ավելի խաղարկային կերպար, որը կդառնա երեխաների լավագույն ընկերը։ Աշխատել ենք դիզայնի առումով շատ փոփոխություններ չանել, որպեսզի անցումն ավելի սահուն լինի։ Եվ քանի որ Daroink-ը վաղուց արդեն իսկ իր որակով ու արտադրանքով ապացուցել է, որ բարեխիղճ արտադրող ու խաղացող է, վստահ ենք, որ մեր նոր կերպարը՝ Deny-ն միանգամից կսիրվի բոլորի կողմից։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ ռեբրենդինգից հետո վերջին երեք ամիսներին վաճառքներում միայն աճ ենք նկատում։
Daroink-ը հիմնադրման պահից ընդլայնվել է մինչև 450 աշխատակից: Ինչպե՞ս է հաջողվում պահպանել աշխատակիցների հավատարմությունը և մոտիվացիան նման մասշտաբներում:
- Ի ուրախություն Daroink-ի ընկերության աշխատակիցների զգալի մասը բացման օրվանից մինչ օրս աշխատում են ընկերությունում, ինչը անգնահատելի և անփոխարինելի արժեք է Daroink-ի համար։ Փոփոխությունների այս փուլում աշխատակիցները նույնպես շատ մոտիվացված են, քանի որ տեսնում են, որ այսքան տարիներ անց անգամ ընկերությունը շարունանական զարգացում է ապահովում։ Ընկերությունում տիրում է ջերմ ընտանեկան միջավայր, և մարդկային այդ կապիտալը, հավատարմությունն ու սրտացավությունը, որ մենք ունենք, կարևոր դեր է խաղացել ընկերության երկարաժամկետ և կայուն զարգացման համար։
Ի՞նչ ռազմավարություններ է կիրառում Daroink-ը՝ միջազգային շուկաներ դուրս գալու համար, և ինչպե՞ս է հայկական սփյուռքը ազդում այդ պրոցեսներում։
- Ընկերությունը միայն Հայաստանի շուկայով չի բավարարվում և ակտիվ գնում է դեպի սպառման շուկաների ընդլայնմանը։ Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Daroink-ը ներկայացնելու նաև այլ երկրներում։
Այդ հարցում, մեզ համար շատ կարևոր է Սփյուռքից եկած արձագանքը։ Այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները իրենք են դիմում մեզ, խնդրելով ապահովել այնտեղ Daroink-ի ներկայացվածությունը, քանի որ ապրելով այլ երկրներում՝ էմոցիոնալ խորը կապ ունեն մանկությունից եկած Daroink-ի քաղցրավենիքների հանդեպ։ Դա մեզ տալիս է հստակ ազդակներ, որ տվյալ երկրներում պահանջարկ կա և կարելի է դիտարկել դրանք արտահանման ուղղությունները ուսումնասիրելիս։ Daroink-ն այսօր ներկայացված է 5 երկրում։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ այս պահին զուհագեռ բանակցություններ ենք վարում հավելյալ 8 պետությունների ներկայացուցիչների հետ՝ մեր ապրանքանիշն այդ երկրներում լայնածավալ ներկայացնելու շուրջ։
Այժմ մշակվում են նաև նոր ապրանքային խմբեր, որոնք կբավարարեն թե միջազգային, և թե տեղական շուկայի պահանջները։