Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Unicorn business center, Maro Margaryan 2/4, Yerevan

Backbone – հարցազրույց ընկերության հիմնադիր-տնօրեն՝ Ստեփան Ազարյանի հետ

article image
Author
no img
Armenian Business Portal
08.12.2024

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Backbone" ընկերության հիմնադիր-տնօրեն՝ Ստեփան Ազարյանի հետ։

________________________________________

image

Backbone-ը Հայաստանում բրենդինգի ամենահաջողված ընկերություններից է։ Ինչպե՞ս եք կառուցում բրենդը թիրախային լսարանի հետ արդյունավետ կապ հաստատելու տեսանկյունից:


- Այն ճանապարհը, որը մենք ենք ընտրել, իր յուրահատկություններն ունի: Այսինքն, այն չափորոշիչները, որոնցով մենք ենք աշխատում, և սկզբունքները, որոնց հիման վրա ձևավորում ենք գործընթացները, պետք է պահվեն բարձր որակով: Եթե մենք որոշել ենք դուրս գալ միջազգային շուկա, դա նշանակում է, որ պետք է աշխատենք միջազգային շուկայի կանոններով: Սակայն հայկական շուկայում այդ մոտեցումներն ու գրագիտությունը շատ դեպքերում հետին պլան են մղված կամ հաշվի չեն առնվում: Այդ առումով մենք հաճախ ունենում ենք կոնֆլիկտներ և խնդիրներ, որոնք արտահայտվում են, օրինակ, PR ակցիաների կամ տեղեկատվական դաշտում հաղորդակցման տեսանկյունից:


Շատերը մեզ լավ չեն ճանաչում կամ էլ ունեն ոչ ամբողջական պատկերացում, քանի որ մեր նպատակն է ուղղակի արդյունքի հասնել, և հաճախ ժամանակ չի լինում մեր աշխատանքի ծավալի մասին տեղեկատվությունն ամբողջությամբ ու ճիշտ հասցնել մարդկանց: Այս երևույթը այնքան հաճախ ենք հանդիպում, որ սկսել է մտահոգել՝ կապված մեր ընկերության ոչ բավարար կամ թերի ճանաչելիության հետ:


Այն խնդիրները, որոնք Backbone-ը կարողանում է լուծել, շատերին հասու չեն:


Սակայն մեր կենտրոնացումը՝ ուղղված խնդիրների լուծմանը, խլում է այն ժամանակը, որը կարող էինք օգտագործել մեր մասին խոսելու համար:


Մի խոսքով, Backbone-ի պոտենցիալը, հնարավորությունները և հեղինակությունը միջազգային մակարդակում շատ ավելի մեծ են, քան մենք դրա մասին խոսում ենք կամ որքան հայկական շուկան տեղյակ է:

Ձեր գործակալության պատմության մեջ ո՞ր բրենդավորումն է եղել ամենահայտնին կամ քննարկվածը:


- Ամեն տարի մեկից ավելին են լինում, բայց ամեն տարի ավելի սիրված ու մեծ տեղ գտած պրոեկտներ ենք ունենում: Սակայն այնպես չէ, որ ամբողջ մեր գործունեության ընթացքում միայն մեկն է կամ երկուսը: Ի դեպ, հետաքրքիր դիտարկում եմ՝ ամեն շուկայում ֆավորիտը տարբեր է: Արաբական շուկայում մեկն է, պարսկականում մյուսն է, չինականում՝ ևս մեկը: Դա նշանակում է, որ Հայաստանում կամ այնպիսի պրոեկտներ, որոնք տեղական շուկայում լիովին չսիրվեն, կարող են այլ շուկաներում մեծ հետաքրքրություն առաջացնել:


Մեր առաջին միջազգային պրոեկտը եղել է Սլովենիայում, իսկ դրանից հետո մենք արագ տեմպերով մտանք Արաբական շուկա, որտեղ մոտ 3 տասնյակ բրենդ ստեղծեցինք նրանց համար:

image

Ի՞նչ ազդեցություն ունեն միջազգային մրցանակներն ու բարձր վարկանիշները ձեր գործակալության աշխատանքի վրա, և ինչպե՞ս են դրանք նպաստում նոր շուկաներ ներթափանցելուն ու միջազգային հաճախորդների ձեռքբերմանը։


- Սկսեմ այնտեղից, որ մենք ունենք մոտ 200 միջազգային մրցանակ, որոնցից 4-ը՝ «Տարվա լավագույն ընկերություն»՝ համաշխարհային մակարդակում։ Սրանք մեր գործունեության արդյունքների ապացույցներն են։ Սակայն Հայաստանում տարածված է այն կարծիքը, որ մենք մրցանակակենտրոն ընկերություն ենք, այսինքն՝ աշխատում ենք կոնկրետ դեպքերի վրա՝ մրցանակներ ստանալու համար։ Բայց դա այդպես չէ։ Մեր շատ մրցանակների արդյունքում այդպես է թվում, սակայն իրականում սա շատ լուրջ և միաժամանակ տնտեսական ազդեցություն ունեցող գործընթաց է։


Մրցույթներին մասնակցելը կարելի է բաժանել 4 կարևոր կետի, և միայն 4-րդ տեղում եմ դնում այն փաստը, որ աշխարհին ցույց տանք, որ մենք մրցանակ ունենք։ Առաջին տեղում է բրենդի միջազգայնացումն ու դրա չափումը։ Դա վերաբերում է ընկերության ձևը պահպանելուն՝ ստուգելով՝ արդյո՞ք մենք ճիշտ գծի վրա ենք, արդյո՞ք չենք շեղվում թրենդերից։ Ընդհանուր առմամբ, դա ոչ միայն բրենդի չափում է, այլև միջազգային շուկայում հեղինակության բարձրացում։ Անգլերեն սա կոչվում է «untouchable value»՝ անշոշափելի արժեք, որն էլ փոխանցում ենք։


Երբ մեր գործարարը իր բրենդը տանում է միջազգային էքսպոների կամ շփվում է միջազգային դիստրիբյուտորների հետ արտահանման նպատակներով, նրան ասում են, որ արդեն ճանաչում են բրենդը։ Դա վստահություն է առաջացնում, քանի որ միլիոնավոր մարդիկ, բլոգերների և ինֆլուենսերների միջոցով, արդեն ճանաչում են այս բրենդները։ Այս առումով սա միջազգայնացման գործընթաց է։


image

Զարգացման ի՞նչ պլաններ ունեք՝ որպես բրենդինգ առաջատար գործակալություն, և ի՞նչ նոր ծառայություններ են նախատեսում ներդնել կամ նախագծեր իրականացնել մոտ հեռանկարում:


- Մենք շատ լուրջ թափով և տեմպով կենտրոնացած ենք կոմերցիոն բլոկի վրա, քանի որ մենք ունենք նաև սոցիալական բլոկ։ Կոմերցիոն բլոկում մեր նպատակն է ստեղծել միջազգային բրենդներ՝ Հայաստանից և միջազգային պատվիրատուների համար։ Խոսքը գլոբալ մեծ բրենդներ ստեղծելու մասին է։


Մինչ այդ, երբ դեռ չունեինք միջազգային մակարդակի պատվերներ, մոտ 12-13 տարի առաջ երազում էինք դրանց մասին։ Սրանից 10 տարի առաջ արդեն ունեինք 10 և ավել միջազգային պրոյեկտներ, բայց դա մեզ չբավարարեց։ Մենք ասացինք, որ հիմա պետք է շարժվենք դեպի միջազգային հեղինակության ճանաչում։ Եվ այսպես, հասանք այն կետին, երբ տարբեր երկրներում, տարբեր տարիներին դարձանք տարվա լավագույն ընկերությունը աշխարհում։


Հիմա դա էլ արդեն մեզ չի բավարարում, և մենք ցանկանում ենք ստեղծել միջազգային մեգաբրենդներ։