#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Art Lunch" ընկերության համահիմնադիր՝ Բակուր Մելքնյանի հետ։
________________________________________
Արտ Լանչը հիմնադրվել է 2002-ին և սկսել իր գործունեությունը որպես սննդի առաքման ծառայություն: Որո՞նք են եղել հիմնական մարտահրավերները, որոնց առաջ կանգնել եք աշխատանքի առաջին տարիներին, և ինչպե՞ս եք կարողացել ընդլայնել բիզնեսը՝ դառնալով ՀՀ ամենախոշոր կաֆետերիաների ցանցը:
- Իրականում, դա շատ բարդ, երկար և քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Մենք ձգտել ենք լինել ազնիվ հաճախորդի հետ և, իհարկե, կարևորագույն սկզբունքը՝ աշխատած գումարների մեծ մասը ներդնել բիզնեսի զարգացման մեջ։
Արտ Լանչի ցանցն այսօր գործում է ոչ միայն Հայաստանում, այլև ՌԴ-ում, Ղազախստանում, ԱՄՆ-ում և Ուկրաինայում: Ինչպե՞ս ստացվեց հաջողությամբ մուտք գործել միջազգային շուկա՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի խոհանոցի առանձնահատկությունները։ Ի՞նչ սկզբունքներ եք կիրառում՝ անձնակազմ ընտրելիս ի՞նչ դեր ունի արտերկրյա մասնաճյուղերի զարգացումն ընկերության բիզնես ռազմավարության մեջ:
- Նորից և նորից հաղթահարելով դժվարությունները, երբեմն փակվելով, երբեմն կրկին բացվելով, փորձ ձեռք բերելով և, եթե առաջին անգամ չի ստացվել, նորից փորձելով։ Համառ պայքարով և մեծ նվիրումով, այժմ, փառք Աստծո, ամեն ինչ լավ է։
Մենք ավելի հակված ենք «разведка боем» գաղափարախոսությանը։ Այսինքն՝ միանգամից մտնում ենք շուկա՝ առանց երկար ուսումնասիրությունների։ Մենք ռիսկի ենք գնում՝ փորձարկելու մեր բրենդը արտերկրում, հասկանալու խնդիրներն ու մարտահրավերները, որպեսզի ընթացքի մեջ լուծենք դրանք։ Նախընտրում ենք արագ մուտք գործել շուկա, քան երկար ժամանակ ծախսել ուսումնասիրությունների վրա։
Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում նոր աշխատակիցներին։
- Անկեղծ ասած, այժմ ես այդ հարցով չեմ զբաղվում, դա զբաղեցնում է մեր HR մասնագետը։ Սակայն, եթե խոսենք առաջին փուլերի մասին, երբ թիմը փոքր էր՝ մոտ 15-20 հոգի, անձամբ էի ընտրում աշխատակիցներին։ Այդ փուլում հիմնականում ուշադրություն էի դարձնում մարդկային հատկանիշներին, քանի որ դեռ վերահսկողության և այլ մեխանիզմների բացակայության պայմաններում կարևոր էր վստահության մթնոլորտ ստեղծելը։ Այս մոտեցումն իր դրական արդյունքը տվեց։
Արտ Լանչը նաև սոցիալապես պատասխանատու ընկերություն է՝ ի դեմս իր սոցիալական կոնցեպտով կաֆետերիաների: Ո՞րն է եղել այդ մոդելի ստեղծման գլխավոր շարժառիթը և ի՞նչ դեր է այն զբաղեցնում Ձեր բիզնեսում: Ինչպե՞ս է այն աջակցում տարբեր սոցիալական խմբերին՝ տարեցների գլխավորությամբ:
- Դա եղել է մեր գաղափարախոսությունը ի սկզբանե․ մեր նպատակը ոչ միայն գումար աշխատելն է, այլ նաև ստանձնել որոշակի սոցիալական պատասխանատվություն։ Մեր ընկերությունում սոցիալական պատասխանատվության դերը գնալով մեծանում է՝ հաշվի առնելով մեր հնարավորությունները։
Ձեր բրենդի հիմնարար սկզբունքներից է թարմ և մատչելի սնունդի մատուցումը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ որակական չափանիշները պահպանելու և հաճախորդների բավարարվածությունը բարձր մակարդակի վրա պահելու հարցում:
- Ցանցային դառնալու հիմնական սկզբունքներից մեկը բարձրակարգ մասնագետներ ունենալն է։ Դրա համար կարևոր է ունենալ վերահսկողության բաժին, սանիտարա-հիգիենիկ բաժին և աուդիտի բաժին։ Այս բոլոր բաժինները ուղղված են ապահովելու մեր արտադրանքի և ծառայությունների բարձր որակը։
Մրցակցային միջավայրում, որտեղ բազմաթիվ սննդի ցանցեր կան, ո՞րն է Ձեր հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը, որն Արտ Լանչին տարիներ ի վեր շուկայում որպես առաջատար է պահում:
- Ճաշարանային բիզնեսում, ցավոք սրտի, մենք մրցակիցներ չունենք։ Ինչու եմ ասում՝ ցավոք սրտի․ մեծ մրցակցությունը օգնում է զարգանալ։ Օրինակ՝ թույլ մրցակցային պայմաններում Հայաստանում մենք կարծեցինք, որ շատ լավն ենք, բայց երբ բացեցինք մասնաճյուղ Դուբայում, պարզվեց, որ մեզ այնտեղ ոչ ոք չի ճանաչում։ Նույնիսկ մեր բրենդը հնացած էր թվում։ Դա ստիպեց մեզ ռեբրենդինգ անել, ավելի խորությամբ ուսումնասիրել շուկան և հասկանալ թվային մարքեթինգի կարևորությունը։ Ընդհանուր առմամբ, որքան մեծ է մրցակցությունը, այնքան ավելի շատ ես աճում ու զարգանում։