Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Unicorn business center, Maro Margaryan 2/4, Yerevan

Amanoo - հարցազրույց նախագծի հեղինակ և հիմնադիր` Ավետիս Խախամյանի հետ

article image
Author
no img
Armenian Business Portal
13.12.2024

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Amanoo" նախագծի հեղինակ և հիմնադիր՝ Ավետիս Խախամյանի հետ։

________________________________________

Հաշվի առնելով Amanoo-ի նախագծերի ինքնատիպությունը ու ՀՀ-ում նորակառույցների միջին շուկայական արժեքները, նախագիծը սկսելուց առաջ արդյո՞ք չկար մտավախություն, որ պահանջարկը կարող է նախատեսվածից ցածր լինել: Որքանո՞վ էր մեծ նախագծի ռիսկայնությունը:


- Իրականում, նախագիծը ներկայացնելիս մենք արդեն բավականին մանրամասն ուսումնասիրել էինք շուկան։ Ասեմ, որ այն գաղափարը, որը ներկայացրինք նախագծի ընթացքում, շատ յուրօրինակ էր և դեռևս չիրագործված։ Այդ իսկ պատճառով, ունենալով բացառիկ նախագիծ, ընդհանրապես մտավախություն չունեինք, որ այն կարող է չդիմակայել մրցակցությանը կամ ենթարկվել անհաջողության։ Մեր լավատեսությունն ամբողջությամբ արդարացվեց։

Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում Amanoo-ի նախագծերում և ի՞նչ ստանդարտների եք հետևում՝ բնակիչների համար կյանքի բարձր որակ և հարմարավետություն ապահովելու համար:

image


- Մեր առաջին առաքելությունը չկրկնվելն է՝ լինել օրիգինալ և տարբերվող։ Մեր նպատակն է առաջարկել մի միջավայր ապագա բնակիչների համար, որտեղ նրանք կարող են ոչ միայն բնակվել, այլև վերաբերվել թաղամասին որպես հանգստի գոտու՝ իրենց ժամանցն անցկացնելով մեր ընդհանուր օգտագործման բակերում։ Կարծում եմ, այս արդեն իսկ ստեղծված էկո միջավայրը կարող է փոխել և արդեն փոխում է բնակության վերաբերյալ մեր բոլոր ավանդական պատկերացումները։

Ինչպե՞ս եք գնահատում լանդշաֆտային դիզայնի դերը ձեր նախագծերում, որոնց մեջ 75% տարածքը զբաղեցնում են կանաչ գոտիները:


- Եթե հաշվի առնենք, որ մեր կառուցապատման տոկոսը կազմում է ընդամենը 18 տոկոս, կարող ենք ասել, որ մնացած ամբողջ հատվածը կազմված է կանաչ գոտիներից, որոնց մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում։ Կանաչ գոտիները պետք է լինեն ոչ միայն ծառածածկ և գեղեցիկ լուծումներով, այլև ներառեն ջրային գոտիներ, ինչը մեզ համար առաջնահերթություն է։ Այս համադրությունն է, որ ստեղծում է մեր նախագծի յուրահատկությունը։


Իրականում, ծառատունկն ունի ոչ միայն այն դրական կողմը, որ մենք էականորեն կանաչապատում ենք Երևանը, այլև ծառահատման ենթակա ծառերին երկրորդ կյանք տալու գաղափարը։ Մեր մարզերում մենք հանդիպում ենք բազմաթիվ ծառերի, որոնք սեփականատերերին խանգարում էին կամ շինարարության ճանապարհին էին։ Մենք մեծ սիրով և ռեսուրսներ տրամադրելով տեղափոխում ենք այդ ծառերը, նոր կյանք ապահովելով դրանց համար Երևանում։ Այդպիսով, մենք կանխում ենք նրանց ծառահատումը և օգտագործումը փայտանյութի համար՝ փոխարենը դարձնելով դրանք քաղաքի կենսունակության մաս։


Ձեր համագործակցությունների մասին մի քիչ մանրամասն կպատմեք ի՞նչ առավելություններ են տալիս դրանք ձեր բնակիչներին։


- Իրականում նախագծման փուլում արդեն իսկ կանխատեսում էինք, որ բավականին մեծ խնդիրների առաջ կկանգնենք, հատկապես մեր ճարտարապետական տեսքը ապահովելու համար անհրաժեշտ պատուհանների բարձրությունների կամ երեսպատումների համար օգտագործվող նյութերի հարցում։ Այդ իսկ պատճառով մեզ օգնության հասան աշխարհահռչակ ընկերություններ, օրինակ՝ Schugo՝ գերմանական պատուհանների արտադրող ընկերությունը, որը հեշտությամբ լուծեց մեր ճարտարապետական բարդ խնդիրները։ Նմանատիպ համագործակցությունները ոչ միայն բարձրացրել են մեր այսպես ասած որակի սանդղակը, այլ նաև թույլ են տվել, որ մենք ամբողջովին իրականացնենք ճարտարապետական նախագիծը այնպես, ինչպես դա պատկերացրել էինք։

image

Հաշվի առնելով, որ արդեն երկրորդ նախագիծն եք մեկնարկել, ինչո՞ւմն է առաջինի ու երկրորդի միջև տարբերությունը, ինչի՞ վրա է դրված երկրորդ նախագծի շեշտը, և արդյո՞ք առաջինի կյանքի կոչման ընթացքում եղել են ինչ-որ ասպեկտներ, որոնք որոշել եք փոփոխել երկրորդն իրականացնելիս, կամ, գուցե, ինչ-որ կետերի վրա ավելի շատ ուշադրություն դարձնել:


- Ասեմ, որ թաղամասի ընդհանուր համայնապատկերը դեռ որոշվել է 2018 թվականին, և մենք յուրաքանչյուր 2 տարի մեկ ներկայացնում ենք թաղամասի նախագծային տեսքը, թե ինչպիսին պետք է լինի։ Նախագծերը միմյանց հետ կապված են և լրացնող։ Օրինակ՝ առաջին հատվածում ներկայացրել ենք 4 կամպուսային փոքր կառույցներ, որտեղ կա 50 բնակարան, իսկ երկրորդ հատվածում մեկ կառույց է՝ բաղկացած 70 բնակարանից, և այս նախագծերը միմյանց լրացնելով ստեղծում են ճարտարապետական միասնություն։


Բիոմետրիկ ճարտարապետական ուղղությունը օգտագործելով, կարողացել ենք կապել նախագիծը բնության հետ և ընդգծել դրա բնորոշ հատկանիշները։ Ասեմ նաև, որ նախագծի ոգեշնչման աղբյուրը հայկական բնաշխարհն է, և կառույցը հիշեցնում է հայկական լեռնաշղթան, իսկ ջրվեժները բնականաբար՝ հայկական ջրվեժներն են։

Ինչու՞ հենց Amanoo։


Ինչ վերաբերում է անվանմանը, Amanoo, ասեմ, որ դա երկիմաստ հիմք ունի։ Քանի որ առաջին հատվածի ճարտարապետության մեջ ասիական ազդեցությունը բավականին մեծ էր, դրա համար Amanoo-ն ճապոնական անվանում է, որը նշանակում է «արևածագի արև»։ Մենք Երևան քաղաքի հանդեպ ունենք արևածագի դիրք՝ արևը բացվում է թաղամասի անմիջապես հետևում։ Ավելին, երկրորդ իմաստը վերաբերում է այն բնակիչներին, ովքեր սարերում ապրել են բնության հետ հարմոնիայում։ Ճապոնացիները նման բնակիչներին կոչել են Amanoo-ներ։